Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից Հայաստան է փոխանցվել արդեն մոտ 700 տոննա հումանիտար օգնություն, «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցվել է մոտ 120 մլն դոլար։ Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Թուրքաադրբեջանական ահաբեկչական ագրեսիայի սկզբնական պահից ի վեր սփյուռքում տեղի է ունեցել աննախադեպ մոբիլիզացիա։ Մեր հայրենակիցները քաջ գիտակցելով, թե ինչպիսի օրհասական պահ է Հայաստան աշխարհի համար, որքան դժվար է իրավիճակը և ինչ է դրված զոհասեղանանին, լծվել են գործի»,- ասաց նա։
Սփյուռքի կատարած աշխատանքը, Զարեհ Սինանյանի խոսքով՝ մի քանի ուղղություններով է արտահայտվում՝ հումանիտար օգնություն, դրամահավաք, հանրահավաքներ, հասարակական կարծիքի ձևավորում։
«Արդեն Հայաստան է փոխանցվել մոտ 700 տոննա հումանիտար օգնություն աշխարհի տարբեր երկրներից, այս պահին նաև 100 տոննա օգնություն կա ԱՄՆ-ում, որը պատրաստ է ԱՄՆ-ից գալ Հայաստան, սակայն Թուրքիան արգելել է իր օդային տարածքով նույնիսկ մարդասիրական օգնություն հասցնելը, որի հետևանքով այս թռիչքը հետաձգվում է»,- հայտնեց սփյուռքի գլխավոր հանձնակատարը։