Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայող Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սիրելի ընկերներ, հարազատներ, ծանոթ ու անծանոթ մարդիկ,
Մեր քաջարի որդին՝ Ալեն Մարգարյանը անմահացավ: Նա զոհվեց, որ մենք ապրենք:
Թող բոլորիդ հիշողություններում Ալենը մնա անսահման լավատես ու չափազանց հայրենասեր երիտասարդ, ում մեծագույն սերը Հայրենիքն էր, իսկ մեծագույն երազանքը՝ աշխարհը փոխել դեպի բարին:
Մեր վիշտն անչափելի է, սակայն գիտակցում ենք, որ Ալենը միայն մեր հերոսը չի, այլ ներկա ու ապագա սերունդների Հերոս հայի օրինակ, ով իր հերոս նախնիների ճամփան բռնեց և անմահացավ…
Փա՛ռք մեր Հայրենիքին
Փա՛ռք մեր զինվորներին:
Ալեն Մարգարյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 18:00-ից Զոլեր սգո սրահում:
Հուղարկավորությունը կկայանա հոկտեմբերի 11-ին, ժամը 15:00-ին Եռաբլուր պանթեոնում»։