Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, տեղի է ունեցնում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:
Նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը: Ղրղզստանի Հանրապետության կողմից նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալիկբեկ Ջեկշենկուլովը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիմավորել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին: Տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանում, որին հաջորդել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը:
Նեղ կազմով նիստին վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է.
«Կառավարությունների հարգելի ղեկավարներ,
Ողջունում եմ բոլորիդ Հայաստանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Ցավոք, Ղրղզստանի Հանրապետության վարչապետը չկարողացավ գալ Հայաստան` Խորհրդի նիստին մասնակցելու համար, և մենք ստիպված ենք հանդիպումն անցկացնել առանց նրա: Ղրղզստանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն ու ներդաշնակություն և երկրում ներքաղաքական իրավիճակի շուտափույթ կարգավորում:
Այսօրվա նիստը տեղի է ունենում Հայաստանի համար դժվար ժամանակներում: Երկու շաբաթ շարունակ Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով չեն դադարում մարտերը՝ բոլոր տեսակի ժամանակակից զենքերի կիրառմամբ: Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև քաղաքացիական նշանակության կառույցներն ու ենթակառուցվածքները գտնվում են հրետանային և հրթիռային կրակահերթի տակ: Կան բազմաթիվ սպանվածներ ու վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:
Սակայն վստահեցնում եմ ձեզ, որ չնայած բոլոր դժվարություններին՝ մեր ժողովուրդը միասնական է, ինչպես երբևէ և լի է վճռականությամբ՝ կանգնելու մինչև վերջ և պաշտպանելու մեր ազատությունն ու անկախությունը։
Ես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել պատվիրակությունների բոլոր անդամներին այս դժվարին պահին Հայաստան ժամանելու համար: Դա առանձնահատուկ արժեքավոր է մեզ համար:
Մաղթում եմ բոլորին բեղմնավոր աշխատանք և կառուցողական քննարկումներ` ի շահ մեր ինտեգրացիայի և մեր Միության հետագա ամրապնդման։
Շնորհակալություն»:
Հաջորդիվ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում նախատեսված է ընդլայնված կազմով հանդիպումը։