Թուրքիան, օգտագործելով ադրբեջանական «ձեռքերը», ցեղասպանության իրագործման ևս մեկ փորձ է անում. նախագահը՝ Fox News-ին

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«Ամերիկյան Fox News Channal հեռուստաընկերությունն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցին, որում նախագահ Սարգսյանը ներկայացրել է Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, մտահոգություն հայտնել Թուրքիայի ներգրավվածության առնչությամբ:

Այն մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև.

1915 թվականի ցեղասպանությունը կրկին սպառնում է հայերին, քանի որ նրանք կրկին վախի և դառնության զգացում ունեն Լեռնային Ղարաբաղի՝ նոր թեժացած իրավիճակում Թուրքիայի ներգրավվածության առնչությամբ:

Թուրքիան և Հայաստանը շարունակում են վիճել պատմության շուրջ, քանի որ Անկարան վիճարկում է, որ երբևէ ցեղասպանություն է եղել: Սակայն 1.5 մլն հայերի մահը, որն իրականացվել է օսմանցիների կողմից, մեծապես պատճառ դարձավ սփյուռքի առաջացման համար: Ավելի մեծ թվով հայեր ապրում են արտասահմանում, քան իրենց երկրի ներսում:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Fox News-ին ասում է, որ իր ժողովուրդը մտադրություն չունի հրաժարվել Լեռնային Ղարաբաղում ազատ ապրելու իրավունքից. «Սա մի կռիվ է, որ նրանք կմղեն երկար ժամանակ, ինչպես իրենք են ասում՝ մինչև մահ: Աշխարհում ցանկացած հայ կաջակցի այս պայքարին շատ պարզ պատճառով. նրանք տեսնում են, որ Թուրքիան, օգտագործելով ադրբեջանական «ձեռքերը», ցեղասպանության իրագործման ևս մեկ փորձ է անում»:

Լեռնային Ղարաբաղի խնդիրը տասնամյակների պատմություն ունի, սակայն վերջին երկու շաբաթվա բռնկումը մեծ անհանգստություն է առաջացրել ոչ միայն տարածաշրջանի, այլև դրանից դուրս գտնվող մարդկանց համար, քանի որ այն սպառնում է այս հակամարտություն ներքաշել ավելի մեծ տարածաշրջանային խաղացողների, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանը՝ երկու հարևանները: «Այն դարձել է, այն դառնում է մեծ տարածաշրջանային հակամարտություն, որն ունի ներուժ՝ դառնալու մեկ այլ Սիրիա կամ մեծ փոփոխություններ մտցնելու աշխարհաքաղաքականության մեջ, քանի որ Թուրքիան իր հետ Ադրբեջան է բերել նաև մոջահեդների՝ իսլամիստ ահաբեկիչների»,- ասում է Սարգսյանը:

Իսկ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ասել է, որ իր որոշ քաղաքացիներ գնացել են միանալու կռվին, ինչն անհանգստացնում է Ռուսաստանին և Իրանին:

Սարգսյանն ասում է, որ այդ երկրները կարևոր դերակատարում ունեն՝ օգնելու վերականգնել խաղաղությունը: Նմանօրինակ դեր ունի նաև ԱՄՆ-ը: «Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից՝ քաջառողջություն մաղթելու նախագահ Թրամփին և առաջին տիկնոջը,– ասում է նա: -Կարևոր է, որ նախագահը Թրամփը լիարժեքորեն վերադառնա իր պարտականությունների կատարմանը, դա կարևոր է ինչպես ամերիկացիների և առաջիկա ընտրությունների համար, այնպես էլ կարևոր է, որ նա իր ներդրումն ունենա այսօր, քանի որ մենք Հայաստանում և Ղարաբաղում չենք կարող սպասել մինչև ամերիկյան ընտրություններ: Մենք այսօր ամերիկյան խոսքի և Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու կարիքն ունենք»:

Թեպետ երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են էթնիկ զտման, կոտորածների և թալանի մեջ, նրանցից յուրաքանչյուրի ներկայացուցիչը վստահ է, որ կարող են մի օր միասին խաղաղ ապրել:

Բայց Թուրքիայի ներգրավվածության ոչ մի հերքում չի կարող համոզել Հայաստանի նախագահին, որ այստեղ չկա մեծ սխեմա: Նա կարծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգտվել է այն պահից, որ ողջ աշխարհը զբաղված է կորոնավիրուսով ու տնտեսական ճգնաժամով, և կատարել է իր քայլը: Այնպիսի ժամանակներում, ասում է Սարգսյանը, երբ «մեծ կռիվ է ընթանում մարդկության գոյության համար»: Նա դա ոչ մարդկային է անվանում:

Հայաստանի նախագահն ավելացնում է՝ եթե Թուրքիան հաջողի, «նա մեծ ազդեցություն կունենա այստեղ տեղի ունեցող իրադարձությունների վրա և հսկողություն կհաստատի միջազգային էներգետիկ ռեսուրսների նկատմամբ: Այսինքն, ինչ-որ առումով Եվրոպան կդառնա Թուրքիայի գերին, որը կբացի և կփակի խողովակաշարը, Կենտրոնական Ասիան ևս կդառնա գերի»»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել