Գործում են թուրքական ու ադրբեջանական մեծ թվով ագրեսիվ էջեր ու խմբեր, որոնցով տարածվում են դաժան վերաբերմունքի տեսարաններ պարունակող տեսանյութեր ու տեքստեր. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է.

«Ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումները Արցախի ու Հայաստանի բնակչության նկատմամբ սեպտեմբերի 27-ից սկսած շարունակվում են ուղեկցվել էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով:
1. Զանգվածային լրատվության միջոցներով և հատկապես սոցիալական ցանցերով տարածվում են ատելության և բռնության, այդ թվում՝ սպանության կոչեր, որոնք տարածվում են թուրքական ու ադրբեջանական աղբյուրներից:

Գործում են մեծ թվով ագրեսիվ էջեր ու խմբեր, որոնցով տարածվում են էթնիկ հայերի նկատմամբ ատելություն սերմանող, բռնության, այդ թվում՝ կենդանի կամ մահացած մարդկանց նկատմամբ դաժան վերաբերմունքի, սպանությունների ու ավերածությունների տեսարաններ պարունակող տեսանյութեր ու տեքստեր: Առկա են նաև զգալի թվով հայկական անուն-ազգանուններով կեղծ էջեր, որոնցից նաև հայերենով սպառնալիք պարունակող ու ահաբեկող հաղորդագրություններ են ուղարկվում հայ իրական օգտատերերին:
2. Նշված բոլոր նյութերը տարածվում են «Ֆեյսբուք», «Թվիթեր» և սոցիալական այլ ցանցերով:

3. Այս ամենը հաստատված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անկախ քննությամբ հավաքագրած ապացույցները: Դրանք առավելապես օբյեկտիվ ապացույցներ են, այսինքն՝ լուսանկարներ, սոցիալական ցանցերի արտապատկերներ ու տեսանյութեր:
4. Հատուկ նշում եմ, որ Ադրբեջանում ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ ունի խորքային արմատներ և վայելում է պետական աջակցություն:
Զինված հարձակումների առաջին օրից ատելության սփռումն ու դաժան վերաբերմունքի ու սպանության կոչերը ձեռք են բերել առավել համակարգված բնույթ՝ հասնելով ծայրաստիճան վտանգավոր ծավալների:

5. Միջազգային հանրության ուշադրությունը վճռականորեն հրավիրում եմ այս ծայրաստիճան վտանգավոր երևույթի վրա: Անհրաժեշտ են իրական արդյունք տվող հրատապ եւ արդյունավետ քայլեր՝ դադարեցնելու համար այս սարսափելի երևույթը: Այն ուղեկցվում է միջազգային բոլոր պահանջների կոպիտ խախտումներով ու սպառնալիք է ողջ տարածաշրջանում խաղաղությանը:

6. Ծնողներին խնդրում եմ սոցիալական ցանցերի հարցում ցուցաբերել բացառիկ զգուշավորություն ու հատկապես զգույշ լինել սոցիալական ցանցից երեխաների օգտվելու հարցում, իսկ փոքրահասակ երեխաների դեպքում բացառել սոցիալական ցանցից օգտվելը:
Երեխաներին խնդրում եմ սոցիալական ցանցերում զերծ մնալ անծանոթ էջեր մտնելուց կամ դրանց հետևելուց, ինչպես նաև որևէ պարագայում չբացել ու չկարդալ սոցիալական ցանցի էջի միջոցով ստացվող անծանոթ նամակները:
7. Նկարավորված վտանգավոր երևույթների վերաբերյալ հավաքագրված բոլոր ապացույցները կուղարկվեն միջազգային գործընկերներին, դեսպանություններին բոլոր անհրաժեշտ ձևաչափերով:

8. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է աշխատել 24 ժամյա աշխատանքային արտակարգ ռեժիմով:
9. Ապահովված է սերտ համագործակցություն Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել