Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ ճեպազրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն անդրադարձավ Արցախից եկած քաղաքացիներին օգնություն և կացարան տրամադրելու հարցերին: Նա հորդորեց քաղաքացիներին օգնությունը նախարարության հետ համագործակցելով ցուցաբերել:
«Այս պահին Արցախից ժամանակավոր եկած մեր քաղաքացիներին տեղավորման խնդիրը լուծվում է տարբեր կամավորական խմբերի և նախարարության համակարգման միջոցով: Ունենք ստեղծված սոցիալական աջակցության շտաբ, ունենք մի քանի խմբեր, որ կամավորական գործում են և այդ խմբերի հետ ևս կապի մեջ ենք: Հիմնականում մենք քաղաքացիներին տեղավորել ենք մասնավոր սեկտորի կողմից տրամադրված՝ կացարաններում, հյուրանոցներում, հյուրատներում: Սննդի հարցը ևս լուծվում է քաղաքացիների աջակցությամբ, մարզպետարանների հետ համագործակցությամբ: Պետական կառույցների կողմից տրամադրվող կացարանները դեռևս ամբողջությամբ գործի չենք դրել, այսինքն դրանց մեծ մասը ազատ է և մենք այս պահին անընդհատ զարգացնում ենք համակարգերը քաղաքացիներին հաշվառելու, նրանց կարիքներին արձագանքելու համար»,- ասաց Զարուհի Բաթոյանը:
Նա նշեց, որ այս պահին լուրջ խնդիրներ չունեն, բայց ուժերի լարվածությամբ և մեծ ներգրավվածությամբ են աշխատում: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց բոլոր քաղաքացիներին, մասնավոր սեկտորին և բոլոր նրանց, ովքեր իրենց որևէ ջանքը չեն խնայում համակարգված աջակցություն ցուցաբերելու համար: Նա կոչ արեց, որ այն ռեսուրսները, որոնք ուզում են ծառայեցնել Արցախից եկած քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու համար, դա անեն պետական մարմինների, համայնքների, նախարարության կամ մարզպետարանների միջոցով:
«Այսօր մենք պետք է մեր ռեսուրսները նաև հասցեական ուղղենք, այսինքն խնայենք այդ ռեսուրսները, որովհետև հաղթանակից հետո մենք ավելի դժվար օրեր ենք ունենալու, որպեսզի շատ հեշտ կարողանանք դա հաղթահարել»,- ասաց նախարարը:
Ըստ նրա՝ քաղաքացիներն ինքնաբուխ, ապակենտրոն աջակցություն են ցուցաբերում, սակայն դա խրախուսելի է: