Հայցվոր Ա. Հովհաննիսյանը, դիմելով դատարան, հայտնել է, որ ինքը հանդիսանում է Երևանի Հ. Էմինի 29 հասցեում գտնվող անշարժ գույքի միակ սեփականատերը:
Իր պապը` Երվանդ Ղուկասի Հովհաննիսյանը` մահացած 08.05.1987թ.-ին, 10.01.1986թ.-ին կտակել է վերը նշված հասցեի անշարժ գույքն իրեն:
ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից 12.07.2004թ.-ին տրվել է թիվ 12846 համարի տակ գրանցված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը, համաձայն որի` իր պապի` Երվանդ Հովհաննիսյանի գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում միայն ինքը, ինչի հիման վրա 06.04.2007թ.-ին ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-003 4-90 մատյանի 216 համարի տակ կատարվել է իր իրավունքների պետական գրանցումը նշված գույքի նկատմամբ և տրվել է թիվ 2279822 համարի սեփականության իրավունքի վկայագիրը:
Ներկա պահին նշված տանը բնակվում են ինքն իր ընտանիքի 4 անդամներով, մայրը, քույրը` իր ընտանիքի 5 անդամներով, եղբայրը` Հարությունը և մյուս եղբայրը` Մակեդոնը` իր ընտանիքի 4 անդամներով:
Գործով պատասխանող Մակեդոն Հովհաննիսյանը, չունենալով նշված բնակարանում բնակվելու իրավունք, մինչ օրս իր ընտանիքի անդամների հետ բնակվում է Երևանի Հ. Էմինի 29 հասցեի տանը:
Հիմք ընդունելով վերը նշվածը` հայցվորը դատարանից խնդրել է.
Մակեդոն Հովհաննիսյանին և նրա ընտանիքի անդամներին` Ռիմա Սիմոնյանին, Հասմիկ, Սմբատ և Երվանդ Հովհաննիսյաններին պարտավորեցնել դադարեցնել Երևան քաղաքի Հ. Էմինի 29 տան ապօրինի տիրապետումը, այն է` ազատել բնակելի տունը:
Ուսումնասիրելով քաղաքացիական գործի նյութերը, կիրառելի իրավունքի նորմերը, ինչպես նաև հետազոտելով գործով ձեռք բերված ապացույցներն իրենց համակցության մեջ, լսելով հայցվորի ցուցմունքը` դատարանը գտել է, որ հայցը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:
ՀՀ Սահմանադրության 31 հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ օգտագործելու, տիրապետելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163 հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274 հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից:
Տվյալ դեպքում հայցվոր Աշոտ Հովհաննիսյանը դիմելով դատարան, խնդրել է Մակեդոն Հովհաննիսյանին և նրա ընտանիքի անդամներին` Ռիմա Սիմոնյանին, Հասմիկ, Սմբատ և Երվանդ Հովհաննիսյաններին պարտավորեցնել դադարեցնել Երևան քաղաքի Հ. Էմինի 29 տան ապօրինի տիրապետումը, այն է` ազատել բնակելի տունը:
Դատարանը հաստատված համարեց այն հանգամանքը, որ հայցվորի կողմից դատարանին չներկայացվեց հայցի հիմնավորման որևէ ապացույց այն մասին, թե որպես պատասխանողներ, վերը նշված անձինք արդյոք բնակվում են վիճելի հասցեում, ինչ մակերեսներ են զբաղեցնում` օրինական, թե` անօրինական, ինչպես նաև այն, թե այդ անձինք գրանցված որևէ իրավունք չունեն արդյոք վիճելի հասցեի նկատմամբ, որոնք սույն գործի համար ունեն ապացուցողական էական նշանակություն: Մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, իսկ 49 հոդվածի 1-ին կետի համաձայն` ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
Սույն քաղաքացիական գործն այժմ գտնվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում:
Աղբյուրը` Իրավաբան.net