Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Չեռնովցիի մարզում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Պետության ղեկավարի ելույթը հեռարձակել է «Ուկրաինա -24» հեռուստաալիքը:
Ավելի վաղ Գերագույն ռադայի պատգամավոր, «Ժողովրդի ծառա» նախագահական խմբակցության անդամ Լյուդմիլա Մարչենկոն նույն հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ Կիևը, իբր, պատրաստ է աջակցել Ադրբեջանին «տարբեր հարթակներում»: Նրա խոսքով ՝ խոսքը թե՛ մարդասիրական, թե՛ ռազմական աջակցության մասին է: Մինչդեռ ուրբաթ օրը կուսակցությունը հայտարարություն է տարածել, որ Մարչենկոյի հայտարարությունները ոչ խմբակցության, ոչ էլ Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումն են:
Զելենսկին ճեպազրույցի ժամանակ ասել է նաև, որ Կիևը հակամարտող կողմերին `Հայաստանին և Ադրբեջանին, կոչ է անում երկխոսել։ Միևնույն ժամանակ, նա հստակեցրեց, որ վերջին երկու տարիներին Կիևի և Բաքվի միջև զարգացել են «շատ լուրջ, ամուր» հարաբերություններ, և որ Ուկրաինան սատարում է Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: