ԱՀ ՄԻՊ-ի զեկույցը՝ Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ իր միջանկյալ զեկույցը:

Պաշտպան Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 1-ի երեկոյան մամուլի ասուլիսով արդեն ներկայացրել է զեկույցի հիմնական բովանդակությունը:

Այս զեկույցը հրատապ ահազանգ է միջազգային հանրությանը ու հատկապես միջազգային իրավապաշտպան համայնքին՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետությունում հարուցած մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ: Հաշվի առնելով քաղաքացիական բնակչության շրջանում մարդու իրավունքների լայնածավալ, դաժան, համակարգված և դիտավորյալ խախտումները՝ զեկույցը նպատակ ունի արհեստավարժ կերպով ներկայացնելու իրավիճակը և հորդորելու միջազգային իրավապաշտպան համայնքին դիտարկելու այն և արձագանքելու պատշաճ կերպով:

2020թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:10-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, օգտագործելով ռազմաօդային ուժեր, զրահատեխնիկա, հռթիռահրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման են անցել արցախա-ադրբեջանական պետական սահմանի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ադրբեջանի զինված ուժերի ռազմաօդային և հրետանային հարձակումներով առանց տարբերակման և նպատակային թիրախավորվել են Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական օբյեկտները, ինչը հանգեցրել է բնակչության շրջանում զոհերի և վիրավորումների, ինչպես նաև հանրային ու մասնավոր սեփականության լայնամասշտաբ վնասների: Զեկույցի հրապարակման պահին քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել էր 11 զոհ և ավելի քան 60 վիրավոր:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետևանքները պարզելու նպատակով ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք առաքելություն, որի նախնական արդյունքները սեպտեմբերի 27-30 ժամանակահատվածի կտրվածքով ներկայացվում են սույն միջանկյալ զեկույցում: Զեկույցը հրապարակելուց անմիջապես առաջ՝ հոկտեմբերի 1-ին, Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկություն է ստացել, որ ադրբեջանական հրետանին հերթական անգամ հասցեական ու դիտավորյալ կերպով թիրախավորել է Մարտունի քաղաքի կենտրոնի քաղաքացիական օբյեկտները, ինչի հետևանքով զոհվել են 4 և վիրավորվել 11 քաղաքացիական անձինք, ներառյալ՝ մի քանի լրագրող, որոնցից երկուսը՝ ֆրանսիական «Լա Մոնդ» թերթի լրագրողներ: Զեկույցի առաջին բաժնում ներկայացված վիճակագրության մեջ ներառված չեն Մարտունու նշված հրետակոծության հետևանքները՝ տվյալների ու ժամանակի սղության պատճառով:

Ներկայացված տվյալների համար հիմք են հանդիսացել՝

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների կողմից բժշկական հաստատություններ կատարած այցերի արդյունքում ձեռք բերված փաստերը,
Հրետակոծության հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային և նյութական վնասների վերաբերյալ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ստացած տվյալները,

Վստահելի բաց աղբյուրներում, ներառյալ՝ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներում արձանագրված տվյալները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել