Կարգապահական գումարտակում ստեղծվում են համապատասխան պայմաններ՝ ընտանիքի և արտաքին աշխարհի հետ դատապարտյալի կապն ապահովելու համար: Այդ նպատակով կարգապահական գումարտակում ստեղծվում են կարճատև տեսակցությունների սենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ, լրատվական միջոցներից օգտվելու հնարավոր պայմաններ:
Դատապարտյալն իրավունք ունի ամսական առնվազն երկու կարճատև տեսակցության: Տեսակցությունները տրամադրվում են մերձավոր ազգականների հետ, իսկ կարգապահական գումարտակի հրամանատարի թույլտվությամբ, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում` նաև այլ անձանց հետ: Դատապարտյալին տրամադրվում են տեսակցություններ պաշտպանի հետ՝ առանց քանակի և տևողության սահմանափակման: Պաշտպանի հետ դատապարտյալի տեսակցությունները տեղի են ունենում մեկուսի, իսկ վերջիններիս ցանկությամբ տեսակցությանը կարող են ներկա գտնվել կարգապահական գումարտակի ներկայացուցիչը կամ ներկայացուցիչները:
Դատապարտյալին թույլատրվում է ստանալ և իր հաշվին ուղարկել ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ, առանց սահմանափակման կատարել և ստանալ դրամական փոխանցումներ, ինչպես նաև իր հաշվին վարել նամակագրություն՝ առանց նամակների, հեռագրերի թվի սահմանափակման: Ծանրոցները, հանձնուքները, փաթեթներն ու նամակներն ուղարկելու և ընդունելու, ինչպես նաև դրանք դատապարտյալին հանձնելու կարգը սահմանվում է կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով:
Կապի միջոցներից, այդ թվում՝ հեռախոսակապից, օգտվելու կարգը և քանակը սահմանվում են կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով:
Նամակագրությունն իրականացվում է կարգապահական գումարտակի հրամանատարության միջոցով և, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, այն ենթակա է արտաքին զննման՝ արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով: Դատապարտյալի անունով՝ տեղափոխման պատճառով նրա բացակայությամբ ստացված նամակներն ուղարկվում են նրա գտնվելու նոր վայր:
Անձնական բացառիկ հանգամանքների (մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, տարերային աղետ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին) դեպքում, ինչպես նաև սոցիալական վերականգնման նպատակով դատապարտյալին կարող է տրամադրվել կարճաժամկետ մեկնում կարգապահական գումարտակի սահմաններից դուրս՝ մինչև յոթ օր տևողությամբ, չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երեք օրը: Կարգապահական գումարտակի սահմաններից դուրս գտնվելու ժամանակը հաշվարկվում է պատժի կրման ժամկետի մեջ: Դատապարտյալին զինծառայողների համար նախատեսված արձակուրդներ չեն տրամադրվում: Կարճաժամկետ մեկնում տրամադրվում է ոչ ավելի, քան տարվա ընթացքում երկու անգամ:
Աղբյուրը` Իրավաբան.net