Առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը հասցրեց մասսայական օդային և հրթիռահրետանային հարված, այդ օրն էլ Վարդենիսի ուղղությունը թիրախավորված է եղել։ Այդ ուղղությամբ ճակատ բացելու մասին խոսակցությունը նոր չէ, առաջին իսկ օրվանից իրենց կողմից այս ճակատն օգտագործված է։
Այս մասին Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանն ասաց այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ճեպազրույցի ժամանակ։
«Մեր զինված ուժերը՝ լինի դա Վարդենիսի ուղղությամբ, թե որևէ այլ, ներառայալ նախիջևանյան ուղղությունը՝ լիովին կազմը պատրաստ մարտունակ են՝ իրենց խնդիրները կատարելու համար»,-ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, նախնական տեղեկություններով Վարդենիսում զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական, չունենք։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։
Հակառակորդի այս գործողությանը նախորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։ Այսպիսով, փաստորեն, հակառակորդը փորձել է հող նախապատրաստել հիմնավորելու համար իր հետագա գործողությունները։