Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր։ Հակառակորդը զրահատեխնիկայի, անօդաչու թռչող սարքերի, հրետանու հուժկու կրակի տակ փորձել է հարձակումներ իրականացնել, հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններով, կրելով մոտ 60 զինծառայողի և զգալի թվով զրահատեխնիկայի կորուստներ՝ հետ է շպրտվել։
Այս պահին մարտերը շարունակվում են։
Այս մասին Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանն ասաց այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ճեպազրույցի ժամանակ։
«Դեռ երեկ ՀՀ տարածքը ենթարկվել էր ադրբեջանական զինված ուժերի գործողություններին և հատկապես այսօր Վարդենիսի ուղղությամբ ադրվեջանական ԱԹՍ-ները և օդուժը հարված են հասցրել։ ԱԹՍ-ները հարված են հասցրել նաև խաղաղ բնակիչներին։ Հրապարակել ենք, թե ինչպես է այրվում քաղաքացիական ավտոբուսը։ Օդուժ է կիրառվել հայկական զինված ուժերի ուղղությամբ։ Կորուստներ չունենք և ինչպես նշեց Պաշտպանության նախարարությունը՝ սպասեք հուժկու պատասխանի»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։