Կադիրովը կոչով դիմել է Հայաստանին և Ադրբեջանին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքի միջոցով կոչ է արել դադարեցնել արյունահեղությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Լեռնային Ղարաբաղը բաց վերքի է նման, որին որոշ ուժեր թույլ չեն տալիս բուժել: Այդ ցավից տառապում է ամբողջ Կովկասը, տարածաշրջանի բոլոր եղբայր ժողովուրդները: Ռուսաստանը տիտանական ջանքեր է գործադրում, որպեսզի հակամարտող կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Բայց դրա համար անհրաժեշտ է մեկընդմիշտ կանգնեցնել ռազմական գործողությունները», – ասել է նա:

Նա կոչ է արել ՄԱԿ-ին, հարևան պետություններին և հոգևորականներին միանալ իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացին:

«Չեչեն ժողովուրդը, որը հիանալի գիտի պատերազմի և խաղաղության գինը, ձեզ կոչ է անում կանգ առնել, ձեր բարկությունը փոխել ողջամտության, խոնարհեցնել ձեր հպարտությունը և հայրերին ու մայրերին հնարավորություն տալ տեսնելու իրենց երեխաներին ողջ ու առողջ», – ասաց Կադիրովը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:

Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել