«Ծառուկյանին ինչ ա եղել, որ տրամադրությունը լավ չլինի»․ այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի առջև, լրագրողների հետ զրույցում ասաց հենց ինքը՝ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։
Այժմ քննվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։
Դատարանի բակում են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ, Գագիկ Ծառուկյանի աջակիցները։
«Եթե մարդը խոսում ա իր երկրի համար, իր ժողովրդի համար, էսօր սոցիալական, տնտեսական, քաղաքական վիճակը այնպիսի ծանր ա, որ տենց երբերք չի եղել։ Ես ասել եմ հունիսի 5-ին, որ էս վիճակից հարկավոր ա դուրս գալ։ Իրոք ժողովրդի վիճակը շատ ծանրա, սոցիալական, տնտեսական, քաղաքական։ Դուք տեսնում եք՝ էսօր ամբողջ աշխարհում մի պետություն չկա, որ գոնե աջակից լինի Հայաստանին։ Ես ասել եմ, որ ուղղեն, կարգավորեն, թե չէ ավելի վատ ա լինելու»,-ասաց Ծառուկյանը։
Նրա խոսքով, հունիսից մինչ օրս ոչինչ չի փոխվել։
«Ասել եմ, ասում եմ․ մարդիկ անփորձ են, չեն տիրապետում ոլորտը, էսօր պատմաբանին չեն կարող տանել տնտեսության ղեկավար դնեն։ Ես ինչ որ ասել եմ, իմ ասածին տեր եմ: Աեմն ինչ ժամանակը ցույց կտա։ Եթե այսօր Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, սոցիալական, տնտեսական վիճակը կլավանա, աշխատավարձ կբարձրանա, ասենք թե հարկային պարտավորությունները կպակասի, չգիտեմ, ժողովրդի տոկոսները կիջնի, ուսման վարձը կպակասի՝ հարց չկա, եթե ներդրումները շատ կլինի: Ես ինչ որ ասել եմ՝ իմ սկզբունքին եմ, ավելի համոզված, դեռ քիչ եմ ասել, կապրենք կտեսնենք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ 87 կողմ ձայների արդյունքում Գագիկ Ծառուկյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։
Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:
ԱԱԾ-ից հայտնեել են, որ քրեական գործ է հարուցվել «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին պատկանող «Օնիրա Քլաբ» ու «Շանգրի Լա» խաղատների գործունեության վերաբերյալ, որոնք ներկայացվել են որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և պետությանը պատճառել 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս, իսկ երկրորդ հայտարարությամբ ԱԱԾ-ն հայտնեց, որ մեկ այլ քրեական գործով բացահայտվել են նաև ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր, որում ներգրավված են եղել նաև ԲՀԿ ղեկավար անդամներ:
Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը՝ արձանագրելով, որ գործում առկա է հիմնավոր կասկածը: Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը հուլիսի 8-ին մասնակի բավարարվել էր և կալանավորելու հարցը ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։