Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանն այսօր լրագրողների հետ հանդիպում է ունեցել:
Նա ասաց, որ տնտեսագիտական համալսարանի խնդիրը մեկ հարցի հետ է կապված:
«Տնտեսագիտական համալսարանում հուլիսի 17-ին տեղ է ունեցել ռեկտորի մրցույթ և ընտրության արդյունքները մինչև հիմա չեն հաստատվել: Տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվն այս քայլին գնացել է միայն այս պատճառով»,- ասաց Գալոյանը ՝ խոսելոբ ուսումնական պրոցեսի ժամանակավորապես դադարեցման մասին:
Նրա խոսքով՝ երկու տարի շարունակ տարբեր մարդիկ են բուհում ղեկավարում և դա գործընկերների մոտ վստահության պակաս է առաջացնում: Այդ պատճառով էլ տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվը որոշել է իր ձայնը լսելի դարձնել դասադուլի եղանակով:
«Տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվը խիստ պատասխանատու է, և գիտակցում է իր պատասխանատվությունը ուսումնական պրոցեսի նկատմամբ: Դրա վառ ապացույցն այն էր, թե ինչպես կազմակերպեց տնտեսագիտական համալսարանը ուսումնական գործընթացը հենց COVID -ի պայմաններում»,- ասաց Դիանա Գալոյանը:
Ըստ նրա, դասադուլը պայքարի ընդունելի տարբերակ չէ, դա ընդունելի էր այնքանով, որքանով իրենց ձայնը լսելի կդառնար:
«Ուսումնական գործընթացի դադարեցման հիմնական նպատակը եղել է մեր ձայնը լսելի դարձնելը, ինչը մեզ հաջողվել է, կարծում եմ»,- ասաց Դիանա Գալոյանը:
Ասուլիսի ժամանակ Դիանա Գալոյանը հորդորել է իր գործընկերներին վերսկսել ուսումնական գործընթացը: