Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, բավարարել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը:
Այս մասին տեղեկությունը Իրավաբան․net-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նշենք, որ կալանքի միջնորդության վերաբերյալ միջնորդությունը քննել է Ավանի նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանը։
Հիշեցնենք, որ ըստ ՊԵԿ հաղորդագրության, բազմադրվագ քրեական գործի դրվագներից մեկով՝ բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել Միքայել Արայի Մինասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), 314.3- րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մ.Մինասյանը հանդիսանալով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, հաշվետու ժամանակահատվածում, այն է 2017-2018թթ. ընթացքում, միլիոնավոր դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, այսինքն ապօրինի հարստացել է:
Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: