Ծխախոտային արտադրատեսակների իրացումը կազմակերպելիս անհրաժեշտ է՝
1) խուսափել ծխախոտային արտադրատեսակի կեղծ, մոլորեցնող բնութագրի, առողջության վրա ծխախոտիազդեցության, վտանգների կամ արտազատվող նյութերի մասին ոչ ճիշտ տեղեկություններ տարածելու միջոցով (ներառյալ՝ նկարագրությունը, առևտրային պիտակը, խորհրդանիշը կամ այլ նշաններ, արտադրատեսակի պակաս վնասակարությունը և այլն) ծխախոտային արտադրատեսակի վաճառքից.
2) արգելել ծխախոտային արտադրատեսակը որպես այլ ապրանքատեսակների վաճառքի խթանման միջոց կամ այլ շահադրդման ձև առաջարկելը.
3) չնշել ծխախոտային արտադրատեսակների անվանումներն ու ապրանքային նշանները մարզական հանդերձանքի և գույքի, խաղալիքների, տիկնիկների, մրցավազքային մեքենաների մանրակերտների, տեսաշարային, ձայնային և տեսաձայնաշարային խաղերի, քաղցրավենիքի կամ նմանատիպ այլ առարկաների վրա.
4) արգելել ծխախոտային բոլոր արտադրատեսակների կամ դրանց նմուշների անվճար տարածումը քարոզչության նպատակով.
5) արգելել ծխախոտային ցանկացած արտադրատեսակի անվանումը կամ ապրանքային նշանը կրող ապրանքների (կարճաթև վերնաշապիկներ, գլխարկներ, մարզական վերնաշապիկներ, արևապաշտպանիչ հովարներ, ուսապարկեր, արևային ակնոցներ, գրենական պիտույքներ, որոնք կրելիս կամ գործածելիս աչքի են զարնում և տեսանելի են դիմացինին) տարածումը, վաճառքը կամ որպես պարգևատրում (մրցանակ) առաջարկելը։
Սույն դրույթը չի արգելում ծխախոտային արտադրատեսակների անվանումների և ապրանքային նշանի զետեղումը ծխելու հետ առնչվող այնպիսի պիտույքների վրա, ինչպիսիք են հրահաններն ու մոխրամանները։
Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների հովանավորությունը միջազգային իրադարձությունների, միջոցառումների ժամանակ կամ դրանց մասնակիցների շրջանում։
Ծխախոտային ցանկացած ապրանքատեսակ ներառում է առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) հաստատած նախազգուշացում` մարդու առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության վերաբերյալ:
Աղբյուրը` Իրավաբան.net