Սեպտեմբերի 5-7-ին ձերբակալվել են Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության Ֆորումի անդամ երեք բելառուս հասարակական գործիչներ` Իրինա Սուխիյը, Անդրեյ Յահորաուն և Ստանիսլավա Հուսակովան:
Քննարկելով այս խնդիրը` ԱլԳ ՔՀՖ ղեկավար կոմիտեն ընդունել է հայտարարություն և առաջարկել է ԱլԳ պետություններում իրականացնել բողոքի ակցիաներ ի պաշտպանություն ձերբակալված բելառուս գործընկերների։
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների մասնակցությամբ բողոքի ակցիա անցկացվեց Հայաստանում Բելառուսի դեսպանատան առջև։
«Ձերբակալված բելառուս մեր գործընկերները մշտապես աչքի են ընկել հայ գործընկերների հետ բացառիկ համերաշխությամբ և շատ կարևոր է, որ մենք ևս ակտիվ և միասնական լինենք համերաշխության մեր գործողություններում: Միաժամանակ, սույն բողոքի ակցիայով մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բելառուս իրավապահ մարմինների կողմից քաղաքացիական հասարակության, երիտասարդների և այլախոհների հանդեպ բռնությունը եւ բռնաճնշումները ու հորդորում ենք Բելառուսի Հանրապետության իշխանությանը կառուցողական երկխոսություն սկսել ընդմիության ղեկավար Սվետլանա Տիխանովսկայայի ու նրա ներկայացուցիչների հետ:
Բելառուսի Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 9-ին կայացած ընտրությունների արդյունքները շատ պետությունների և կառույցների կողմից, այդ թվում Եվրոպական միության կողմից, բազմաթիվ խախտումների եւ կեղծիքների պատճառով ճանաչվել են անվավեր»,-ասված է հայտարարության մեջ։
«Մեր պահանջն այն է, որ Բելառուսի իշխանությունն անհապաղ ազատ արձակի իրենց հավաքների ազատությունն իրացնող քաղաքացիներին և հատկապես քաղհասարակության ֆորումի անդամ մեր գործընկերներին։ Եթե դեսպանատանից դուրս կգան և կլսեն մեզ, մենք անպայման մեր խոսքը կփոխանցենք, եթե ոչ՝ լուռ ակցիայով կավարտենք։ Հայտարարություն ենք ընդունել և տարածել՝ կոչ անելով և՛ միջազգային հանրությանը՝ սատարելու մեզ այդ հարցում, և՛ մեր սեփական պետությունների կառավարությանը՝ ակտիվ լինելու և պահանջելու մեր գործընկների ազատումը»,-ասաց ԱԼԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։ Նրա խոսքով, այս օրերին ամեն ինչ կախված է Բելառուսի ժողովրդից և իրենց հորդորն է լինել կայուն, ուժեղ, իմանալ, որ հայ ժողովուրդը և քաղաքացիական հասարակությունն իրենց կողքին է։
«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Մովսես Արիստակեսյանի կարծիքով, Բելառուսում ընթանում է Հայաստանի թավշյա հեղափոխության համանման գործընթաց և ժողովուրդը չի կարողանում իր հանդուրժողականությունը պահպանել՝ երկրում 26 տարի ղեկավարած առաջնորդի ներկայությանը։ Արիստակեսյանը Բելառուսի դեսպանատնից որևէ արձագանքի ակնկալիք չունի․ «Դեսպանատունը ընտրված է այնպիսի մի վայրում, հեռու քաղաքից, քաղաքակիրթ աշխարհի հետ շփում անգամ չի ցանկանում»։
«Մասնակցելով լուռ ակցիային, մենք նույնպես մեր համերաշխությունն ենք հայտնում մեր գործընկերներին, որոնք ձերբակալված են Բելառուսում։ Կարծում եմ, որ քաղհասարակության բոլոր ներկայացուցիչները պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ Բելառուսում հարցերի լուծման հիմնական սուբյեկտը Բելառուսի քաղաքացին է՝ ինքնիշխանությամբ օժտված և հուսով եմ, որ նրանք կկարողանան իրենց երկրի հարցերը լուծել»,-ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։