ՊԵԿ պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել․ ապօրինի ճանապարհով ներկրումների հետևանքով ավելի քան 50 մլն դրամի վնաս է պատճառվել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են առանց հայտարարագրման և համապատասխան մաքսային ձևակերպումների մեծ քանակությամբ ավտոյուղերի` Վրաստանից ՀՀ տարածք ներկրման բազմակի դեպքեր, որոնց հետևանքով պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր` 53.911.257 ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ: 

Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2020թ. հունվարի 17ին վարորդներ Ա. Տ-ն և Ա. Ե.-ն, Վրաստանից ՀՀ տարածք ապրանքների անօրինական ներկրմամբ զբաղվող Տավուշի մարզի բնակիչ Լ. Ա.-ի հրահանգով, փաստացի վերջինիս պատկանող 1150 տարա յուղով բեռնված երկու բեռնատար ավտոմեքենաները տեղափոխել են ՀՀ ՊԵԿ Բագրատաշենի մաքսային կետի տարածք, որտեղ հերթափոխի պետ Վ. Ա.-ի և մաքսային տեսուչ Հ. Մ.-ի, ինչպես նաև կշեռքավար Տ. Ա.-ի հետ համաձայնեցված կարգով, կոնկրետ ժամի մոտեցել են ուղեփակոցին և նշված պաշտոնատար անձանց թողտվությամբ, ապրանքների վերաբերյալ մաքսային հայտարարագիր ներկայացված չլինելու պայմաններում, անարգել մուտք են գործել ՀՀ տարածք, ինչի հետևանքով բեռի սեփականատեր Լ. Ա.-ն ՀՀ պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 16.034.896 ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ: 

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Ա.-ն և Հ. Մ.-ն, խմբային շահերից ելնելով և չարաշահելով պաշտոնեական դիրքը,  նման եղանակով պարբերաբար թույլ են տվել Լ. Ա.-ի բեռների հերթական խմբաքանակների ապօրինի ներկրումը ՀՀ տարածք: Այսպես` 2020թ. հունվարի 25ին, 29-ին և մարտի 1-ին վերը նշված պաշտոնատար անձինք առանց մաքսային հայտարարագրման և համապատասխան մաքսային ձևակերպումների թույլատրել են Բագրատաշենի մաքսակետով յուրաքանչյուր անգամ 680 տարա յուղի տեղափոխումը ՀՀ տարածք, որի հետևանքով բեռի սեփականատեր Լ. Ա.-ն ՀՀ պետական բյուջե չի վճարել ընդհանուր` 37.876.361 ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ: 

Քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև Լ. Ա.-ի կազմակերպմամբ ավտոյուղի ներկրման մեկ այլ դեպք: Մասնավորապես` պարզվել է, որ Է. Ա.-ն 2020թ. փետրվարի 14-ին առանց հայտարարագրման և համապատասխան մաքսային ձևակերպումների Բագրատաշենի մաքսակետով ՀՀ տարածք է տեղափոխել ավտոմեքենայի շարժիչի 680 տարա յուղ: 02.09.2020թ.-ին Է. Ա.-ն ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38205րդ հոդվածի 1ին մասի 2րդ կետով: 

Տ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38308րդ հոդվածի 1-ին և 2րդ մասերով, 38205րդ հոդվածի 1ին մասի 2րդ կետով և նույն հոդվածի 2րդ մասով, իսկ վարորդներ Ա. Տ.-ին և Ա. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205րդ հոդվածի 1ին մասի 2րդ կետով:

Վ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308րդ հոդվածի 2րդ մասով, 308րդ հոդվածի 1ին մասով /3 դրվագ/, 38205րդ հոդվածի 2րդ մասով և 38205րդ հոդվածի 1ին մասի 2րդ կետով /3 դրվագ/, իսկ մաքսային տեսուչ Հ. Մ.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 308րդ հոդվածի 2րդ մասով, 308րդ հոդվածի 1ին մասով /2 դրվագ/, 38205րդ հոդվածի 2րդ մասով և 38205րդ հոդվածի 1ին մասի 2րդ կետով /2 դրվագ/: 

Լ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205րդ հոդվածի 1ին մասի 2րդ կետով /3 դրվագ /և 205րդ հոդվածի 2րդ մասով:

Հ. Մ.-ի և Լ. Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ` Լ. Ա.-ի կազմակերպմամբ ապօրինի ներկրումների բոլոր դեպքերը բացահայտելու, ինչպես նաև դրանցում ներգրավված անձանց ողջ շրջանակը, այդ թվում` հիշյալ դեպքերին ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հնարավոր մասնակցությունը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել