Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում բնակվող Էլբակյանների ընտանիքին։ Նրանց որդին՝ հայկական զինված ուժերի կապիտան Սոս Էլբակյանն, օրեր առաջ զոհվել էր հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիս-արևելյան՝ Տավուշի հատվածում՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով։
Նախագահ Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել կապիտան Էլբակյանի ծնողներին, նշել, որ նրանց որդին իր երիտասարդ կյանքն է զոհաբերել՝ անձնվիրաբար պաշտպանելով հայրենիքի սահմանը և բոլորիս խաղաղությունն ու անվտանգությունը։
Հանրապետության նախագահը նաև երախտագիտություն է հայտնել կապիտան Սոս Էլբակյանի ծնողներին՝ այդպիսի քաջ ու հայրենասեր զավակ դաստիարակելու համար: «Խոնարհվում եմ նրա անմար հիշատակի առաջ։ Նրա սխրանքն անմահ է»,-ասել է նախագահ Սարգսյանը, նշելով, որ մենք բոլորս հպարտանում ենք մեր բանակով ու նրա խիզախ զինծառայողներով:
Մարմաշենի վանքում նախագահ Արմեն Սարգսյանը մոմ է վառել կապիտան Սոս Էլբակյանի և հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր զինծառայողների հիշատակին։
