Այս օրերին մի շարք երկրներում տեղի են ունենում ադրբեջանցիների հարձակումներ հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։
Այս մասին վկայում են նյութերը (տեսանյութեր, գրառումներ և այլն), որոնք Մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմը ստանում է ահազանգերի միջոցով, ինչպես նաև հրապարակային նյութերի դիտարկմամբ:
Դիտարկումը ցույց է տալիս, որ հայերի նկատմամբ հարձակումները տեղի են ունենում էթնիկ պատկանելիության հիմքով ատելության (armenophobia) շարժառիթով և ուղեկցվում են ատելություն պարունակող, արժանապատվությունը նվաստացնող վանկարկումներով: Հարձակումներն ունեն սադրող բնույթ, տեղի են ունենում խմբերով, անպաշտպան քաղաքացիական անձանց վրա՝ նրանց հանկարծակիի բերելով:
Մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային կազմակերպությունների ուշադրությունը նշված երևույթների վրա: Դրանք պետք է անհապաղ կանխել հետագա լարվածություն և վտանգավոր զարգացումներ թույլ չտալու նպատակով: Այսօր միջազգային կառույցներին Պաշտպանը կուղարկի պաշտոնական նամակներ:
Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում ցուցաբերել զգոնություն և չտրվել սարդրանքների: Չի կարելի թույլ տալ օրենքով արգելված որևէ արարք, այդ թվում՝ անպաշտպան մարդկանց նկատմամբ: Անհրաժեշտ է բացառել վտագավոր զարգացմանը և լարվածությանը նպաստող ցանկացած երևույթ: