«Ահա և շրջանը փակվեց». Կարեն Մեջլումյան

Պետական իշխանության երեք թևերի՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության միջև չի գործում հավասարակշռության սկզբունքը: Այն նույնանում է նախագահի ինստիտուտի հետ, որը ընտրությունների ժամանակ վերածվում է ընտրական համակարգի և հակաիրավական ձևով գործում է ի շահ իշխող քաղաքական ուժի և կամ դրա թեկնածուի՝ կասկածի տակ դնելով ընտրությունների արդյունքները: Այս մասին ՍԴ-ում նախագահի ընտրությունների արդյունքները վիճարկելու ժամանակ ամփոփիչ ելույթում ասաց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Կարեն Մեջլումյանը:

Վերջինիս խոսքով՝ ԿԸՀ նախագահի բանավոր և գրավոր բացատրության ձևով տրված խոստովանությամբ փաստվեց այն մասին, որ թեև օրենքում այլ բան է սահմանված, սակայն իրականության մեջ հանձնաժողովի անդամներն անուղակիորեն ներկայացում են իրենց նշանակողին:

«ԿԸՀ նախագահը չպատասխանելով իրեն ուղղակիորեն տրված այն հարցին, թե ԿԸՀ անդամներին ո˚վ է նշանակել, փորձեց թաքցնել, որ նշանակել է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, որը նաև նախագահի թեկնածու է, որին էլ, ըստ ԿԸՀ-ի խոստովանության, անուղղակի ձևով ներկայացնում են նրանք: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներին իր հերթին նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ուստի վերջիններս էլ ենթակա են ԿԸՀ-ին: Ահա և շրջանը փակվեց» ,- նշեց փաստաբանը:

Կարեն Մեջլումյանը խնդրեց դատարանին բավարարել իրենց հայցը:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել