20-ամյա երիտասարդը բռունցքով հարվածել է ոստիկանության լեյտենանտի դեմքին, խնդիրը դիմակի հետ կապված է եղել․ նա ձերբակալված է

2020թ. հուլիսի 5-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտայում ծառայություն իրականացնող ոստիկաններին է մոտեցել «Օպել Աստրա» մակնիշի տաքսու տարբերանշանով ավտոմեքենա, որի սրահից վերջիններիս հասցեին հնչեցվել են վիրավորական արտահայտություններ և հայհոյանքներ: 

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Ոստիկանության ծառայողները, նկատելով, որ ավտոմեքենայի սրահում գտնվող ուղևորները դիմակ չեն կրում և խախտել են ՀՀ պարետի որոշումը, պարեկային ավտոմեքենայով հետապնդել են նշված ավտոմեքենան` այնտեղ գտնվող անձանց նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություններ կազմելու համար: 

Կանգնեցնելով վերոնշյալ ավտոմեքենան՝ ոստիկանության ծառայողներից մեկը մոտեցել է ավտոմեքենայից իջած երիտասարդներին: Նրանցից մեկը՝ Գյումրի քաղաքի 20-ամյա բնակիչը, բռունցքով  հարվածելով ոստիկանության լեյտենանտի դեմքին, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրա նկատմամբ, որից հետո վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել, որին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայողները: Վիճաբանության ընթացքում նույն ավտոմեքենայի մեկ այլ ուղևոր՝ Երևան քաղաքի 17-ամյա բնակիչը,, բռունցքով հարվածելով ոստիկանության կրտսեր սերժանտի ականջին, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրա նկատմամբ: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է, իսկ  Երևան քաղաքի անչափահաս բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողության հանձնելը: 

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել