Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում միջազգային համագործակցության և փոխօգնության շրջանակներում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում:
Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից։
Լիտվայից Հայաստան ժամանած փորձագետների և հայ մասնագետների մասնակցությամբ քննարկումն անցկացրել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:
Կողմերը քննարկել են երկու երկրում կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները։
Հանդիպման ընթացքում լիտվացի գործընկերները ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի իրենց երկրի փորձը, կատարված քայլերը և ներկայիս իրավիճակը: