Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգվեց։
Այս մասին լրագրողներին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նա կրկին նշեց, որ դրանք շինծու գործեր են․ «Սա քաղաքական սարքած գործ է։ Հունիսի 5-ի հետ կապված, որ ես հայտարարել եմ՝ տեսնելով երկրի, տնտեսության վիճակը»։
Անդրադառնալով քրեական գործին՝ Գագիկ Ծառուկյանը նշեց․ «Ժամը, հանձնարարություն, քննությունը, միայն այս գործի համար հարյուր քանի քննիչ 2 օրում, սա ինչ տեռոր էր։ Ընտրության վերաբերյալ չկա մեկը, որ ասի՝ Ծառուկյանը կապ ունի կամ Ծառուկյանը գումար է տվել։ Դեպքը եղել է փետրվարի 4-ին, Վազգենին ստուգելոը գործը եղել ու պրծել է, ոչ մի քննություն չի եղել ու անմիջապես իմ ելույթից հետո 120 քննիչ խառնվել են այդ գործին։ Ես որևիցե կառավարման հետ գործ չունեմ, ես սեփականատեր եմ»։
ԲՀԿ առաջնորդը նշեց, որ սխալ որոշում կայացնողները պատասխան են տալու։
Նիստը կշարունակվի վաղը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:
Այնուհետև ԱԱԾ-ից հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին պատկանող «Օնիրա Քլաբ» ու «Շանգրի Լա» խաղատների գործունեության վերաբերյալ, որոնք ներկայացվել են որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և պետությանը պատճառել 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս, իսկ երկրորդ հայտարարությամբ ԱԱԾ-ն հայտնեց, որ մեկ այլ քրեական գործով բացահայտվել են նաև ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր, որում ներգրավված են եղել նաև ԲՀԿ ղեկավար անդամներ: