ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր՝ հունիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ քիչ առաջ ՀՀ Գլխավոր դատախազը երկու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։
«Հաշվի առնելով վերջին մի քանի օրվա իրադարձությունները և հասարակության ուշադրությունը գրաված հարցերը։ Ուզում եմ ինքս առաջինը հայտարարել, որ քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազը երկու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին։ Մեկը՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ, երկրորդը՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ»,- նշեց Արարատ Միրզոյանը։
Ազգային ժողովի նախագահի խոսքով սա զուտ իրավական գործընթաց է, որը հարուցված և նախաձեռնված է շատ վաղուց․ «Գիտեք, որ բազմաթիվ գործեր են քննվում նույն գործիչներին առնչվող։ Այդ գործերը տարբեր ժամանակներում են նախաձեռնվել և իրենց քննության տարբեր փուլերում են։ Բացառապես իրավական գործընթացի մասին է խոսքը։ Անուշտ, գործընթացը վերաբերում է քաղաքական ֆրակցիայի խմբակցության ղեկավար անձանց և այսքանով հասկանալի է, որ քաղաքականացվում է և քաղաքական ենթատեքստ է հաղորդվում, բայց գործընթացն իրավական է»։