2020 թվականի հունիսի 10-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի ավարտական մրջոցառումը։ Ելնելով երկրում ստեղծված իրավիճակից՝ դպրոցի փակման միջոցառումը անցկացվեց հեռավար կարգով։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Դպրոցի հիմնադիր Կարեն Զադոյանը։
Ավարտական միջոցառման ընթացքում ունկնդիրները հաջողությամբ ներկայացրեցին իրենց ավարտական հետազոտական աշխատանքները, որոնք ընդգրկում էին տարբեր թեմաներ, այդ թվում՝ Հայաստանի հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը, ազդարարման համակարգը, դատական վեթինգը, բիզնեսում կոռուպցիոն ռիսկերը և այլն։ Ունկնդիրները իրենց հետազոտական աշխատանքները կատարել են մենթորների ղեկավարությամբ, որոնց շրջանակներում ուսումնասիրել են միջազգային և ազգային փորձը, վեր հանել խնդիրներ և ներկայացրել լուծման մեխանիզմներ։
Միջոցառման ավարտին Դպրոցի դասախոսները շնորհավորեցին ունկնդիրներին լավագույնս ներկայանալու, ու Դպրոցը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ՝ և մաղթեցին անկախ աշխատանքի և գործունեության բնույթից մշտապես առաջնորդվել հակակոռուպցիոն և բարեխղճության սկզբունքներով։ Ունկնդիրներն էլ իրենց երախտագիտության խոսքը հայտնեցին Դպրոցին՝ ուսումնառության, պրակտիկ գիտելիքների և առհասարակ, նման բացառիկ հնարավորության համար։