Որո՞նք են առողջության պահպանման ոլորտում կառավարության կողմից ստանձնած հանձնառությունները և ի՞նչ արդյունքներ են ակնկալվում դրանց միջոցով

ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն՝  յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք: 

Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության հիմնական նպատակներից են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում:

ՀՀ Կառավարության կողմից 2019թ.-ի դեկտեմբերի 26-ին թիվ 1978-Լ որոշմամբ հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ (այսուհետ՝ Ռազմավարություն) և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրերը ի թիվս այլնի, միտված են նաև այս իրավունքի պաշտպանության բարելավմանը, որն իրականացվելու է որոշակի միջոցառումների, այդ թվում՝ օրենսդրության կատարելագործման, տեխնիկական համալրման և հասարակության իրազեկության բարձրացման միջոցներով: 

Ռազմավարության նպատակն է՝ ամրապնդել առողջության պահպանման իրավունքի առավել արդյունավետ իրականացման մեխանիզմներն ու միջոցները, իսկ խնդիրն է՝ առողջության պահպանման իրավունքի անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը, որակյալ առողջապահության մատուցման բարելավումը և հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը: 

Վերը նշված նպատակին հասնելու և խնդիրներին լուծում տալու համար 2020-2022 թվականների գործողությունների ծրագրերում նախատեսված են հետևյալ խումբ միջոցառումները՝

  1. Բարձրացնել պետության կողմից երաշխավորվող բժշկական ծառայությունների վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը։
  2. Ավելացնել երեխաներին հոգեբուժական և վերականգնողական ծառայություններ մատուցող հաստատությունների քանակը։
  3. Բարձրացնել հանրային իրազեկվածությունը պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման մասին։
  4. Իրականացնել պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման, ցավային համախտանիշի կառավարման վերաբերյալ (այդ թվում՝ ոլորտի իրավակարգավորումների) շարունակական կրթական ծրագրեր՝ բուժաշխատողների և ուսանողների համար»
  5. Ապահովել ազատությունից զրկված և հեպատիտ C ունեցող անձանց պատշաճ բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը։
  6. Բարձրացնել առողջության պահպանման և բժշկական օգնության իրավունքի (այդ թվում` սեռական և վերարտադրողական առողջության) վերաբերյալ իրազեկվածությունը, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում և հոգեբուժական հաստատություններում գտնվող անձանց համար։
  7. Իրականացնել վերապատրաստումներ հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական օգնության և սպասարկման առանձնահատկությունների թեմայով։

Նախատեսվող գործողությունների միջոցով ակնկալվում է, որ կնվազեն պետության կողմից երաշխավորվող բժշկական օգնության և սպասարկման իրավունքի խախտման դեպքերը, այդ թվում երեխաների հոգեկան առողջության պահպանման իրավունքի խախտման դեպքերը, ինչպես նաև կբարձրացվի վերականգնողական բուժօգնության մատչելիությունը:

Ի լրումն ակնկալվում է նաև, որ բնակչությունը կիրազեկվի  պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման և դրա հետ կապված իրավունքների մասին, կնվազեն պալիատիվ բժշկական օգնության և խնամքի տրամադրման, թմրամիջոց և հոգեմետ /հոգեներգործուն/ նյութեր պարունակող դեղերի դուրսգրման հետ կապված պացիենտների իրավունքների խախտման դեպքերը, կնվազի ազատությունից զրկված և հեպատիտ Ց ունեցող անձանց թիվը: Բացի այս կավելանան հիվանդությունների զարգացման վաղ կանխարգելման դեպքերը, ինչպես նաև կնվազեն հաշմանդամություն ունեցող անձանց ոչ պատշաճ բժշկական օգնության և սպասարկման դեպքերը:

Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել