Մարտի 6-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ աշխատանքի ընդունվելու նպատակով դիմած հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացվող չափանիշները գնահատող հանձնաժողովի 4-րդ նիստը։
ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ ԱՌՆԱՊ հիմնադրամում ստեղծված «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի» թեմատիկ խմբում ընդգրկված են ՀՀ արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ԱՌՆԱՊ հիմնադրամի, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովում ընդգրկված են ԱԻ նախարարության և հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ինչպես հայտնում են ԱԻ նախարարությունից` հանձնաժողովը հարցազրույցի էր հրավիրել աշխատանքի համար դիմած սայլակավոր 4 քաղաքացու, որոնք բոլորն էլ հարցազրույցի արդյունքում անցան հաջորդ փուլ:
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև հաշմանդամ մարդկանց ԱԻՆ տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի տեղավորելու հարցը և հավանական հաստիքների համապատասխանությունը հաշմանդամություն ունեցող տվյալ անձանց հնարավորություններին։
ՀՀ Նախագահի հանձնարարականի համաձայն` ԱԻ նախարարությունում ստեղծվել է 30 հաշմանդամի աշխատատեղ, և արդեն 11 հաշմանդամ ներկայումս փորձաշրջան է անցնում ԱԻՆ համակարգում։
Առայժմ ԱԻ նախարարությունում աշխատանքի ընդունվելու համար առաջնայնություն է տրվում ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձանց ամենախոցելի խավի ներկայացուցիչներին` սայլակավոր հաշմանդամներին, որոնք տեղաշարժվելու լուրջ խնդիր ունեն։
Լուսանկարը` mes.am-ի
Աղբյուրը` Իրավաբան.net