Ինչպես գիտենք աշխատանքային իրավունքը և սոցիալական ապահովության իրավունքը հանդիսանում են մարդու հիմնարար իրավունքներից և դա ամրագրվել է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ և ներպետական օրենդրությամբ, այնպես էլ միջազգային տարբեր իրավական ակտերով և օրենքներով։ Աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները մարդու արժանապատիվ և բարեկեցիկ սոցիալական պայմանների հիմքում ընկած կարևորագույն հիմնասյուններից են, իսկ սոցիալական ապահովության իրավունքի իրականացման պարագայում որպես կարևորագույն հենասյուն հանդիսանում է այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ոք ունի մայրության, հիվանդության, հաշմանդամության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու և այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք: Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ (այսուհետ՝ Ռազմավարություն) և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նախատեսվում են իրականացնել մի շարք բարեփոխումներ վերը նշված ոլորտներում։
Թե ինչպես են իրականացվելու վերը նշված բարեփոխումները, ծանոթացե՛ք ստորև։
Աշխատանքային իրավունքներ
Ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի նպատակն է՝ աշխատանքային իրավունքի պաշտպանության ընթացակարգերի և մեխանիզմների բարելավումը, ատեղծելով աշխատանքային իրավունքների պաշտպանության համար արդյունավետ ինստիտուցիոնալ և իրավական դաշտ, քանի որ ոլորտի ուսումնասիրությունները փաստում են, որ Հայաստանում աշխատողների իրավունքներն ամբողջությամբ պաշտպանված չեն, տեղի են ունենում աշխատանքային իրավունքների բազմաթիվ խախտումներ, իսկ օրենսդրական բացերը և թերի կարգավորումներն իրենց հերթին ևս հանգեցնում են մի շարք խնդիրների։ Հիշյալին նպաստում է աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին ոչ բավարար իրազեկումը, ինչպես նաև աշխատողների իրավունքների պաշտպանության թույլ աստիճանը:
Պետք է առձանագրել նաև աշխատանքային իրավունքների և օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող արտադատական մարմնի բացակայությունը նույնպես հանիսանում է ոլորտի կարևորագույն խնդիրներից մեկը։ Այս ուղղությամբ, անհրաժեշտ է սեղմ ժամկետներում ՀՀ աշխատանքային օրենսգրքում և ոլորտի այլ իրավական ակտերում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնց հիման վրա կստեղծվի արտադատական մարմին, որը կունենա աշխատանքի պայմանների, աշխատողների աշխատանքային ազատությունների և իրավունքների պահպանման ու պաշտպանության ապահովման, աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի խախտումների վերացման ու կանխարգելման նկատմամբ վերահսկողության իրականացման իրավասություն: Այստեղ կարևոր դերակատարում ունեն զանգվածային լրատվության միջոցները, որոնք պետք է շարունակեն հասարակությանն իրազեկել աշխատանքային իրավունքների և դրանց պաշտպանության ուղիների վերաբերյալ:
Հաջորդ կարևորագույն խնդիրը դա գործազուրկ անձանց զբաղվածության խնդիրն է։ Այստեղ պետությունը ունի պարտավորություն և պետք է պայմաններ ստեղծի գործազուրկ անձանց զբաղվածությունն ապահովելու համար: Այս համատեքստում պետք է կարևորել գործողությունների ծրագրով նախատեսվող միջոցառումները, հաշվի առնելով հասարակության բոլոր աշխատունակ անդամների ներուժի առավելագույնս իրացման տեսլականը, որոնք նպաստելու են գործազրկության մակարդակի նվազմանը։
2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նախատեսվում է աշխատանքային իրավունքների ոլորտում իրականացնել հետևյալ 6 միջոցառումները՝
- Բարձրացնել աշխատանքային իրավունքների, այդ թվում` դրանց պաշտպանության միջոցների վերաբերյալ իրազեկվածությունը։
- Օրենսդրորեն սահմանել աշխատանքային հարաբերությունների կարգավորման պարզեցված կառուցակարգեր՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
- Օրենսդրորեն ամրագրել աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական և արդյունավետ պետական վերահսկողության համակարգի ներդրումը։
- Ընդունել «Աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման ազգային ծրագիր»՝ միջազգային չափանիշներին և պարտավորություններին համապատասխան։
- Օրենսդրորեն սահմանել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, ստուգումներում ընդգրկվող հարցերի ստուգաթերթը։
- Օրենսդրորեն կատարելագործել արհեստակցական կազմակերպությունների (արհմիություններ) գործունեության գործիքակազմը։
Վերը նշված գործողությունների իրականացման արդյունքում մեծապես կնվազեն ինչպես հանրային և մասնավոր ոլորտներում, այնպես էլ առողջ և անվտանգ աշխատանքային միջավայրի բացակայության հետևանքով, մարդու աշխատանքային իրավունքների խախտման դեպքերը։
Սոցիալական ապահովության իրավունք
Ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրով սոցիալական ապահովության իրավունքի տեսանկյունից իրականացվող միջոցառումները կոչված են նպաստելու ինչպես սոցիալական աջակցության տրամադրման չափանիշների և ընթացակարգերի հստակեցմանը, այնպես էլ դրան ուղղված պետական միջոցների ավելացմանը։
Պետք է արձանագրենք, որ ցածր կենսաթոշակները, կենսաթոշակների տրամադրման գործընթացում առաջացող դժվարությունները, կենսաթոշակներից բռնագանձում կատարելու երևույթները, անապահով ընտանիքների գնահատման ճշգրիտ չափանիշների և երիտասարդ ու հատկապես անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների, ինչպես նաև վերարտադրողական տարիքի կանանց աջակցության օրենսդրական կարգավորումների բացակայությունը առավել խոցելի են դարձնում սոցիալական աջակցության կարիք ունեցող այս խմբերի վիճակը:
Սոցիալական ապահովության իրավունքի վերը նշված մի շարք խնդիրների լիարժեք և արդյունավետ լուծման նպատակով, պետությունը պարտավորվում է ձեռնարկել օրենսդրական փոփոխություններ և ոլորտին ուղղվող ֆինանսական միջոցների ավելացմանն ուղղված հստակ քայլեր, իրականացնելով ինչպես բնակչության աղքատ խավի շրջանում կրթության և աշխատանքի քաջալերման, այնպես էլ գործարարությունը խթանող ծրագրեր:
2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նախատեսվում է սոցիալական ապահովության իրավունքի ոլորտում իրականացնել հետևյալ 4 միջոցառումները՝
- Բարձրացնել պետական կենսաթոշակների չափերը։
- Օրենսդրորեն նախատեսել երիտասարդ և երեխա ունեցող, ընտանիքների աջակցման կարգը, պայմանները և մեխանիզմները։
- Անապահով ընտանիքների համար կայուն եկամտի ստեղծմանն ուղղված համակարգի գործարկում։
- Առցանց դիմումի հիման վրա աշխատող կենսաթոշակառուի կենսաթոշակը վերահաշվարկելն ապահովող ենթահամակարգի մշակում և գործարկում։
Վերը նշված գործողությունների իրականացման արդյունքում՝ նախատեսվում է ապահովել գնաճի նկատմամբ միջին տարիքային կենսաթոշակի չափի առաջանցիկ աճը, բարձրացնել ամուսնությունների և ծնելիության մակարդակը և բարելավել երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների սոցիալական վիճակը, անապահով ընտանիքները օժանդակել հաղթահարելու աղքատությունը, իսկ աշխատող կենսաթոշակառուն կենսաթոշակը վերահաշվարկելու դիմումը կկարողանա ներկայացնել ավելի պարզեցված եղանակով՝ առցանց համակարգի միջոցով։
Ամփոփելով, նշենք, որ Ռազմավարությամբ և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նշված ոլորտներում նախատեսված օրենսդրական բարեփոխումները, հստակ մեխանիզմները և գործիքակազմը կնպաստեն այդ ոլորտներում առկա մի շարք խնդիրների լուծմանը, քանի որ ինչպես աշխատանքային իրավունքների, այնպես էլ սոցիալական աջակցության ապահովումը, որպես գերակայություն ուղղված են ՄԱԿ-ի կայուն զարգացման հետևյալ նպատակների իրագործմանը՝
- Խթանել կայացած, ներառական և կայուն տնտեսական աճ, լիարժեք և արտադրողական զբաղվածություն և արժանապատիվ աշխատանք բոլորի համար։
- Ամենուրեք վերացնել աղքատությունը՝ իր բոլոր ձևերով ու դրսևորումներով։
- Կրճատել անհավասարությունը երկրների ներսում և դրանց միջև։
Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։