Վրացական մամուլի, ինչպես նաև սոցիալական ցանցերի շրջանակներում կորոնավիրուսի հետ կապված, հարևան երկրների շարքում կարելի է ասել ամենաքննարկելի թեմաներից մեկը Հայաստանն է: Ամենօրյա կտրվածքով վրաստանյան առաջատար լրատվամիջոցները ներկայացնում են Հայաստանում գրանցված վարակի տվյալները:
Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Հունիսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո առ այն, որ «բուժհաստատություններն արդեն այն վիճակում են, որ կան արդեն հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել»,-վրացական լրատվամիջոցներն ու հեռուստաընկերություններն ակտիվորեն անդրադառնում են թեմային:
ՀՀ-ին աջակցելու առաջարկով Ֆեյսբուք սոցիալական ցանցում հանդես է եկել «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Էլենե Խոշտարիան: Վերջինս գրառման մեջ նշել է.
«Անհնար է անտեսել, թե ինչ է կատարվում Հայաստանում: Պետք է օգնենք, ակնհայտ է, որ մեծ ռեսուրսներ չունենք, սակայն ցանկացած տեսակի օգնությունը հիմա կարևոր է: Հնարավոր է օգնություն ցուցաբերենք նաև Արևմուտքի հետ ֆասիլիտացիայի հարցում: Պետք է շտապ պարզել կոնկրետ անհրաժեշտություններն ու սկսել գործել»,- գրել է Խոշտարիան:
«Լելո» կուսակցության քաղխորհրդի անդամ Իրակլի Կուպրաձեն կոչ է անում հանուն կովկասյան համերաշխության օգնել Հայաստանին:
«Անհրաժեշտ է մարդասիրական օգնություն ցուցաբերել: Մի կողմ պետք է դնել մի քանի նախարարների ոչ ադեկվատ հայտարարությունները և կանգնել հարևանի կողքին: Նրանք ունեն վարակվածներ, որոնց չեն կարողանում հոսպիտալացնել: Չի կարելի թույլ տալ, որ մարդիկ մահանան: Հեշտությամբ կարելի է գտնել օգնության ճանապարհը»: