Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են․
«Ֆեյսբուք սոցիալական ցանցում, իսկ այնուհետև նաև լրատվամիջոցներում տարածվել են կորոնավիրուսի հետևանքով մահացած քաղաքացիների տվյալները։
Նախ պետք է նշել, որ այս կորոնավիրուսից մահացած անձանց տվյալներն առերեւույթ հրապարակման ոչ ենթակա տվյալներ են եւ ինչպես «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի, այնպես էլ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 9.1-րդ հոդվածի իմաստով ենթադրում են որոշակի գաղտնիություն: Բացի այդ, հրապարակված տվյալները անձանց առողջությանն են վերաբերում եւ այդ իմաստով հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ են, ունեն որոշակի զգայունություն:
Ըստ այդմ, մտահոգիչ է կորոնավիրուսի հետևանքով մահացած քաղաքացիների տվյալների հրապարակումը եւ խնդրահարույց՝ անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից: Գործակալությունը համապատասխան գրություններ է նախապատրաստում իրավասու մարմիններին՝ խնդրո առարկա անձնական տվյալների հրապարակման իրավաչափությունը պարզելու եւ անձնական տվյալների մշակման օրինականությունն ապահովելու նպատակով:
Միևնույն ժամանակ ակնկալում ենք նաեւ, որ լրատվամիջոցները եւ սոցիալական ցանցերի անհատ օգտատերերը նույնպես պետք է ձեռնպահ մնան առերեւույթ (առաջին հայացքից, նախնական տպավորությամբ) անօրինական հրապարակված անձնական տվյալները եւ անձնական կյանքին միջամտող տեղեկությունները տարածելուց, իսկ անձնական եւ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններ կտարածեն միայն եթե դա անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար՝ յուրաքանչյուր դեպքում սահմանելով տվյալների մշակման նպատակ եւ գնահատելով՝ արդյո՞ք առկա է հանրային այնպիսի շահ, որի պաշտպանության նպատակով անհրաժեշտ է ստորադասել մարդու անձնական տվյալների պաշտպանության շահը եւ մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածել (համահունչ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի դրությներին, Սահմանադրական դատարանի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով արտահայտած դիրքորոշումներին):
Գործակալությունը շնորհակալ է այն լրատվամիջոցներին, որոնք կորոնավիրուսի հետևանքով մահացած քաղաքացիների տվյալների հրապարակման մասին տեղեկությունը հաղորդել են առանց բուն անձնական տվյալների հրապարակման»: