2019թ. ընթացքում արձանագրված բնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի 20.4 %-ը բացահայտվել է

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Զեկուցվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում կատարված ուսումնասիրության համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի ենթակա ստորաբաժանումների վարույթում 2019թ. ընթացքում գույքի գաղտնի հափշտակության դեպքերի վերաբերյալ քննված քրեական գործերից 66.56%-ի նախաքննությունն իրականացվել է Երևան քաղաքում, 32.3%-ը` մարզերում, 1%-ը` Զինվորական քննչական գլխավոր վարչությունում, 1-ը՝ Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

Գույքի գաղտնի հափշտակության դեպքերով քննված քրեական գործերի 23.6%-ը եղել են բնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված գործեր. Երևան քաղաքում՝ 52.35%-ը, մարզերում՝ 47.6%-ը, 0.22 %-ը՝ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում, 1-ը՝ Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

Բնակարանային գողությունների դեպքերով քննված գործերի 20.4%-ը բացահայտվել է: Նշված քրեական գործերից 6.4%-ը՝ 168 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու որոշմամբ, ուղարկվել է դատարան, 1.7%-ը կարճվել է, 71.1%-ը կասեցվել է, որից 10%-ը միացվել է այլ քրեական գործի, 1.9%-ն ուղարկվել է այլ մարմին, իսկ 7.4%-ը փոխանցվել է 2020թ:
2019թ. ընթացքում բնակարանային գողության դեպքերով քննված քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 195 անձ, որոնցից 65-ի կամ 33.3%-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ըստ ուսումնասիրության՝ բնակարանային գողություն կատարած 195 մեղադրյալներից միայն 16-ն են մշտապես ունեցել աշխատանք, իսկ 24 անչափահաս մեղադրյալներից՝ 11-ն են հաճախել կրթական հաստատություններ:

Արձանագրված դեպքերով պատճառված նյութական վնասի չափը կազմել է 1.481.458.831 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 43.541.590 ՀՀ դրամ կամ պատճառված վնասի 2.9%-ը: Բացահայտված բոլոր դեպքերով մեղադրյալների գույքի վրա դրվել է կալանք:

2019թ. ընթացքում արձանագրված բնակարանային գողությունների 57.4%-ը կատարվել են բազմաբնակարան շենքերի բնակարաններից, իսկ առանձնատներից՝ 39.1%, 3.35%-ը կատարվել է բնակարան հանդիսացող այլ վայրերից: Արձանագրված բնակարանային գողություններից 42.9%-ը կատարվել են գիշերային ժամին’ ժամը 22:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում, 41.3%-ը’ ցերեկը, իսկ 15.7%-ը հնարավոր չի եղել հստակ պարզել հանցագործության կատարման կոնկրետ ժամանակահատվածը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2019թ. արձանագրված բնակարանային գողության դեպքերից 6.8%-ի դեպքում բազմաբնակարան շենքերի մուտքերում առկա են եղել էլեկտրոնային փականներ, իսկ 2,2%-ի դեպքում՝ տեսանկարահանող սարքեր:

Հաշվետու ժամանակահատվածում բնակարանային գողությունների դեպքերի վերլուծությունից կարելի է փաստել, որ դրանց կատարման եղանակները տարաբնույթ են: Այսպես 27.9%-ը կատարվել են մուտքի դռան փականի միջուկը կոտրելով, 21.5%-ը՝ հարմարեցված բանալու օգտագործմամբ, 14.7%-ը ճաղավանդակները կամ պատուհանները տեխնիկական միջոցների գործադրմամբ վնասելով, իսկ 35.7%-ը՝ բաց պատուհանից կամ դռնից մուտք գործելով:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Հայկ Գրիգորյանը համապատասխան հանձնարարականներ է տվել բարձրացված հարցերին լուծումներ տալու առնչությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել