Պարետի որոշման համաձայն՝ հունիսի 2-ից 1 օրով պետք է դադարեցվեր Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում գործող «Մեյմանդարի» շուկայի գործունեությունը՝ տարածքը ախտահանելու համար։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Պարետի որոշումը ի կատար ածելու նպատակով շուկա էին այցելել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողներն ու սննդի անվտանգության տեսչության աշխատակիցները։ Շուկայում գյուղմթերի առուվաճառքով զբաղվող անձինք հրաժարվել են կատարել Պարետի որոշումը և շուկայի մուտքերից մեկի մոտ կայանված մեքենան գլխիվայր շրջել են։ Դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որը փոխանցվել է Վաղարշապատի քննչական բաժին։ Նախաքննության շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները հայտնաբերել և բերման են ենթարկել միջադեպին մասնակցած անձանց, կան ձերբակալվածներ։ Այս պահին շուկայի գործունեությունը 24 ժամով դադարեցված է և կատարվում են սանմաքրման աշխատանքներ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու, ինչպես և հնարավոր այլ մասնակիցներ հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութը՝ ոստիկանության