Կալանք է դրվել ոչ միայն Միքայել Մինասյանի բարեկամներին կամ պարզապես ծանոթներին պատկանող ընկերությունների բաժնեմասի վրա․ Միհրան Պողոսյան

««Հայկական ժամանակ» օրաթերթի ինտերնետային կայքում հրապարակված նյութից տեղեկացա, որ վարույթ իրականացնող մարմինը կալանք է դրել «ենթադրաբար» Միքայել Մինասյանին պատկանող ընկերությունների բաժնետոմսերի վրա:

Նշված փաստի վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչությունից դեռևս չենք ստացել որևէ գրավոր փաստաթուղթ կամ բանավոր պարզաբանում:

Առավել տարակուսելի է, որ կալանք է դրվել ոչ միայն Միքայել Մինասյանի բարեկամներին կամ պարզապես ծանոթներին պատկանող ընկերությունների, այլև այն ընկերությունների բաժնեմասի վրա, որոնց սեփականատերերին Միքայել Մինասյանն անձնապես չի էլ ճանաչում:

Նշվածը վերջին երկու տարին անընդմեջ Միքայել Մինասյանի և նրան հետ երբևէ որևէ առնչություն ունեցած, իսկ առանձին դեպքում՝ որևէ առնչություն չունեցած անձանց և ընկերությունների նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունների հերթական փուլն է: Ակնհայտ է, որ երկրի քաղաքական իշխանությունները չունեն Միքայել Մինասյանի կողմից վերջին ժամանակահատվածում իրականացվող աղմկահարույց բացահայտումներին պատասխանելու որևէ այլ տարբերակ, քան ապօրինի եղանակով քրեաիրավական գործիքակազմին դիմելը՝ մի տարբերակ, որն ի սկզբանե դատապարտված է անհաջողության:

Այս պահին փորձում ենք ստանալ գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ դատավարարական ակտերը՝ օրենքով սահմանված եղանակով դրանք բողոքարկելու համար:

Միաժամանակ, մեր ներողամտությունն ենք հայցում այն ընկերություններից և անձանցից, որոնք այսօր տուժում են Միքայել Մինասյանի հետ երբևէ որևէ առնչություն ունենալու համար»,-այս մասին հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել