Ի՞նչ երաշխիքներ ունեն մինչև 2 տարեկան երեխա ունեցող չաշխատող մայրերը

Հայաստանի Հանրապետության կողմից չաշխատող և իրենց խնամքին նորածին, մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերը նույնպես օգտվում են հավասար իրավունքներից ու պաշտպանությունից։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Գայանե Գևորգյանը։

Նա նշում է, որ Աշխատանքային օրենսգրքով սահմանված են վարձու աշխատող մայրերի իրավունքները։ Սակայն նկատի ունենալով ՀՀ գործազրկության բարձր ցուցանիշը, գործող որոշ օրենքներ առանձնացրել են չաշխատող կանանց՝ որպես խոցելի խումբ։

« «Պետական նպատների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող անձը հանդիսանում է չաշխատող անձ: Չաշխատող անձ կհամարվի նաև, մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը»,-ասաց իրավաբանը:   

Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է մայրության նպաստի իրավունք ունեցող անձի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո` մեկամսյա ժամկետում:

Գայանե Գևորգյանի խոսքով՝ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում ՀՀ կառավարության սահմանած կարգով բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծննդօգնության պետական հավաստագիրը: Երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում, բացառությամբ այն դեպքի, երբ հղի կինը նախածննդյան հսկողության վաղ հաշվառման է կանգնել մինչև հղիության 12 շաբաթական ժամկետը:

«Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո՝ մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը, վաղաժամ ծննդաբերելու դեպքում չաշխատող անձին մայրության նպաստը տրվում է 70 օրվա` միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած):

Չաշխատող անձին տրվող մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի հիսուն տոկոսը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի թիվը) և բազմապատկվում 140-ով (հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով), իսկ իսկ ծննդաբերության արձակուրդի 70 օրացուցային օրվա դեպքում բազմապատկվում է 70-ով (ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով) (հղիության և ծննդաբերության արձակուրդի 140 օրացուցային օրվա դեպքում այն կազմում է 126,645 դրամ, իսկ ծննդաբերության արձակուրդի 70 օրացուցային օրվա դեպքում՝ 63,323 դրամ)»,-մանրամասնեց իրավաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել