Հաջորդ խստացումը կարող է լինել սա, որ քաղաքացին պետք է դիմակ ունենա ամենուր․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստից հետո վարչապետը, ոստիկանապետ Արմեն Սարգսյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել են լրագրողների 2 հարցի։

«Չենք կարող բացառել, որ վերադառնանք կարանտինային պայմանների, սակայն մինչև այդ այլ խստացումներ էլ կարող են լինել։ Կարող է որոշում կայացվել, որ դիմակ կրելը ամենուր պարտադիր է անկախ նրանից՝ բաց տարածքում եք, թե փակ։ Սա ավելի հեշտ է վերահսկել։ Այս դեպքում, եթե քաղաքացին տնից դուրս դիմակով չէ, արդեն կարելի է արձանագրել, որ նա խախտում է թույլ տվել։ Հաջորդ խստացումը կարող է լինել սա, որ քաղաքացին պետք է դիմակ ունենա ամենուր, բացի իր տնից»,-նշեց Փաշինյանը։

Վարչապետը ճեպազրույցի ժամանակ հայտնել է նաև, որ այսօր վարակի ամենամեծ օջախը Երևանն է, պոտենցիալ աղբյուրները ամենուրեք են։

«Մենք շարունակում ենք համոզված մնալ, որ ելքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է․ դիմակի կրումը, ձեռքերի ախտահանումը, սոցիալական հեռավորության պահպանումը։ Կոչ եմ անում՝ դադարեցնել դիմակի շուրջ բոլոր շահարկումները, հատկապես ապատեղեկատվության տարածումը կորոնավիրուսի հետ կապված։ Իրավիճակը ավելի քան լուրջ է և գնալով լրջանում է։ Մենք ոչ ոքի չենք պարտադրում դիմակ գնել, և ասել ենք՝ դիմակ պատրաստել կարելի է տնային պայմաններում։ Դրանք նույնպես կարող են 0-ի հասցնել վարակի տարածումը՝ որակյալ կրելու դեպքում։ Կարևոր է այն պարբերաբար փոխել և լվանալ։ Երբեք քննարկումներ չեն լինում, որ ակնոցը թանկ է, դրա համար վատ տեսողություն ունեցող մարդիկ պետք է ակնոց չկրեն, կամ օճառը թանկ է, դրա համար այն պետք չէ կրել»,-նշում է Փաշինյանը։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից.

  • 3287-ն` առողջացած,
  • 113-ը` մահվան ելքով,
  • 4772 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 44-ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։

 Ընդհանուր առմամբ, կատարվել է 54931 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 32 առողջացած։ Կատարվել է 1253 թեստավորում։

Կորոնավիրուսից մահացած պացիենտներից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել