Վիճաբանություն ռեստորանի մոտ․ 22-ամյա երիտասարդը դանակահարել է 24-ամյա երիտասարդին

Մայիսի 26-ին, ժամը 04.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ ծակած-կտրած, արնահոսող վերքերով բուժօգնության է դիմել 24-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է Արտաշատի խճուղու ռեստորաններից մեկի մոտ:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Նախապատրաստված նյութերն ուղարկվել էին ոստիկանության Մասիսի բաժին:

Մասիսի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ նույն օրը, ժամը 11.10-ին, Երևան քաղաքի Աղասու փողոցից բերման է ենթարկվել 22-ամյա մի երիտասարդ: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ ռեստորանի բակում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ է հասցրել 24-ամյա երիտասարդին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել