Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն։
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։
Ծածուկ ծառայությունը կարգավորվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ։ Այն իրենից ենթադրում է՝ ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ճանապարհապարեկային ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով։
Այս մեքենաներով ծառայություն կիրականացնեն ճանապարհային ոստիկանները, որոնք կհայտնաբերեն ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած վարորդին և, համաձայն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի, բարձրախոսով կպահանջեն կանգնեցնել տրանսպորտային միջոցը։
Մեքենաները կահավորված են տեխնիկական բոլոր միջոցներով` ցանկացած տիպի խախտում հայտնաբերելու և արձանագրելու համար։
Հարգելի’ վարորդներ, կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։