2020 թվականի մայիսի 7-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ «ՀՀ-ում հանրային ծառայության համակարգը․ հանրային ծառայողների գույքի, եկամուտի և շահերի բախման վերաբերյալ հայտարարագրերը»: Դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան-փորձագետ, փաստաբան Մարիամ Զադոյանը։
Դասընթացը կրկին մեկնարկեց pretest-ի լրացմամբ, որի շնորհիվ ունկնդիրները ստուգեցին իրենց նախնական գիտելիքները վերոնշյալ թեմայի վերաբերյալ։ Դասախոսն ամփոփ ներկայացրեց հանրային ծառայողին վերաբերող դրույթները և լիազորությունները՝ ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի։ Այնուհետև ներկայացվեցին հայտարարագրման նպատակը և տեսակները, ինչպես նաև խոսեց հավաստիության ստուգման մեխանիզմներից, ինչպիսիք են՝
- ներհոսող դրամական հոսքերի գումարի հաստատում,
- արտահոսող դրամական հոսքերի գումարի հաստատում,
- մուտքային և ելքային դրամական հոսքերի համապատասխանեցում:
Դասախոսը անդրադարձավ նաև հայտարարագրերի ստուգման կարևոր գործիքներին, այդ թվում՝ տեղեկատվական աղբյուրներին։ Մարիամ Զադոյանը նշեց, որ նախկինում վերահսկողություն իրականացնող մարմնի մասին, որը նախկինում իրականացրել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, իսկ այժմ իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։
Բացի այդ, դասախոսի կողմից առանձնացվեց ոլորտում առկա խնդիրները, այդ թվում՝
- ոչ բոլոր պաշտոնատար անձինք ունեն հայտարարագրման պարտականություն,
- փաստացի կամ միայն եկեղեցական ծիսակարգով գրանցված ամուսինները չունեն հայտարարագրման պարտականություն,
- ընտանիքի հետ չապրող որոշ անդամներ չունեն հայտարարագրման պարտականություն, օր՝ սկեսուր,
- այնպիսի ծախսերը, որոնք ակտիվներ չեն, դեռևս չեն հայտարարագրվում, օր.` արձակուրդները, ճանապարհորդությունները,
Դասընթացը ամփոփվեց posttest-ով, որն էլ ավելի ամրապնդեց ունկնդիրների գիտելիքները այս թեմայի շրջանակներում։