Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ չգիտես` ո՞րն է ճիշտ
Ողջ գիտակցական կյանքիս ընթացքում կարծել եմ` քայլելն առողջարար է: Վերջին մեկ ամսում օրական քայլում եմ առնվազն 13-18 կմ: Պատկերացնու՞մ եք` ինչե՜ր ու ինչե՜ր եմ տեսնում` փնթի փողոցներից, սնկի պես աճող ճիվաղ կրպակներից սկսած մինչև օրերով սատկած ու նույն տեղում մնացած կենդանիներ: Հիմա ասեք` արդյո՞ք առողջարար է քայլելը: Անիմաստ է նույնիսկ քաղաքային իշխանության աշխատանքը մեկնաբանելը, խորհուրդ տալը, առավել ևս գնահատելը:
Այս տեսարանին ուղղակի չկարողացա չանդրադառնալ: Սայաթ-Նովայի պողոտան է: Թվով 20-25 հավաքարար նստած ճյուղերից ավել են հյուսում, որ փողոցներն ավլեն: Ոչ, սա նախնադարյան նկար չէ: Սա Երևանն է մեր օրերում: Տարեկան կտրվածքով համայնքային բյուջեից միլիարդներ են դուրս գրվում աղբահանության հիմնարկին: Ո՞վ է յուրացնում այդ գումարները կամ ո՞վ է ուտում նախատեսված ավելները:
Ամոթը մի զգացում է, որը ոչ բոլորին է հասու»,-նշել է նա։