Գողացված ակտիվների վերադարձի ինստիտուտի ներկայացում. միջազգային փորձ և ՀՀ-ում գործարկման մեխանիզմներ․ կայացավ ԵԱՀԴ հեռավար դասընթացը

2020  թվականի ապրիլի 23-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ Գողացված ակտիվների վերադարձի ինստիտուտի ներկայացում. միջազգային փորձ և ՀՀ-ում գործարկման մեխանիզմներ, դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Նարեկ Ենոքյանը:

Դասընթացի շրջանակներում մասնակիցներն ուսումնասիրեցին կոռուպցիոն բնույթի  հանցագործությունների կատարման հետևանքով հանրությունից գողացված ակտիվները վերադարձնելու միջազգային փորձը: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ակտիվների վերականգնումը տեղի է ունենում հետևյալ հիմնական փուլերով.

Նախաքննության փուլ․  Քննիչը տեղեկատվություն է ստանում կատարված հանցագործության կամ գողացված ակտիվի վերաբերյալ և սկսում է հետախուզություն իրականացնել բացահայտելու համար ստացված տեղեկատվության հավաստիությունը:  Այս փուլում ֆինանսական հետախուզությունը բացառիկ նշանակություն ունի բացահայտելու, թե արդյոք նախնական տեղեկատվությունը հավաստի տվյալներ է հաղորդում գողացված ակտիվների և դրանց պոտենցիալ գտնվելու վայրի վերաբերյալ: Այս փուլում էական նշանակություն ունի հետևյալ հարցի պատասխանը. արդյո՞ք հանցագործություն է տեղի ունեցել և ո՞վ է կատարել նշյալ հանցագործությունը:

Դատաքննության փուլ. Այս փուլը սկսվում է այն ժամանակ, երբ քննչական և դատախազական մարմինները ավարտել են իրենց գործը և այն դատարանին հանձնել: Այս փուլը իր մեջ ներառում է դատավարությունը և  վճռի կամ դատավճռի հրապարակումը: Եթե մեղադրյալ դատապարտվում է հանցագործության կատարման մեջ, դատարանը եզրափակիչ դատական ակտում որոշում է կայացնում բռնագանձել հանցագործության կատարման հետևանքով ձեռք բերված ակտիվները: Իրավական ակտի անբողոքարկելիության պարագայում ակտիվների կարգավիճակը «սառեցված»-ից փոխակերպվում է «բռնագանձվող»-ի:

Վերադարձի փուլ Ակտիվները վերադարձվում են իրենց օրինական սեփականատերերին՝ հաշվի առնելով միջազգայնորեն ճանաչված  ակտիվներ կիսելու պարտավորությունները և բարեխիղճ երրորդ անձանց իրավունքները: Այս փուլում կարևոր է որոշել վերադարձի ենթակա ակտիվների ծավալը և մեթոդները:

Դասընթացի ավարտին ունկնդիրները ստացան իրենց հերթական խմբային առաջադրանքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել