«Մեղրու ՏԲԿ» ՓԲԸ-ի՝ չարաշահումների մեջ մեղադրվող տնօրենը փորձում է վնասել քրեական գործով վկա բուժքրոջը․ ահազանգ ԲիզՊաշտպանին

ԲիզՊաշտպան հարթակի միջոցով ստացվել է ահազանգ՝ ուղղված «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Լուսինե Վարդանյանի դեմ՝ խախտված աշխատանքային իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Ազդարարման բովանդակությունը հետևյալն է․

«Մեղրու ՏԲԿ» ՓԲԸ-ի տնօրեն Լուսինե Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում հանդիսանում եմ վկա։ Դրանով փորձում է վնասել ինձ՝ չերկարացնելով աշխատանքային պայմանագիրը: Այդ մասին ստացել եմ ծանուցում»։

Այս մասին հայտնում է Bizprotect.am-ը։

Ազդարարումը ստացվել է «Մեղրու ՏԲԿ» ՓԲ ընկերության բուժքույր Սաթիկ Ավետիսյանի կողմից։

Նշենք, որ սույն գործը քննվում է Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում։ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ քննություն է տարվում հայտնաբերված՝ բուժհաստության տնօրենի կողմից իրականացված չարաշահումների հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ընկերության տնօրենը պաշտոնավարման ընթացքում, պաշտոնական դիրքն օգտագործելով, շահադիտական նպատակներով, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով 2017թ. հունվարի 1-ից 2019թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է իրեն վստահված ուրիշի գույքի էական չափերի յուրացում: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Մեղրու ՏԲԿ» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով,  179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Ինչ վերաբերվում է «Մեղրու ՏԲԿ» ՓԲ ընկերության բուժքույր Սաթիկ Ավետիսյանի կողմից ներկայացված ազդարարմանը, ԲիզՊաշտպան հարթակի փորձագիտական թիմը, ուսումնասիրելով ազդարարմամբ ներկայացված փաստերը, ազդարարին տրամադրել է խորհրդատվություն՝ աշխատանքային իրավունքների դատական կարգով պաշտպանության վերաբերյալ։

Բացի այդ, ներկայացվել են համապատասխան գրություններ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին։ Ցավոք, երկու գերատեսչությունների կողմից էլ ներկայացվել են պատասխաններ առ այն, որ ոչ Առողջապահության նախարարին, ոչ էլ Տեսչական մարմնի ղեկավարին վերապահված չէ որևէ լիազորություն միջամտելու Սյունիքի մարզպետարանի ենթակայության «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի և բժշկական կենտրոնի աշխատակցի միջև ծագած աշխատանքային իրավահարաբերություններին:

Հիշեցնենք, որ Bizprotect.am կայքն ազդարարման հարթակ է` ուղղված բիզնես ոլորտի գործունեությանը խոչընդոտող ցանկացած հարցերի, ռիսկերի և խնդիրների բարձրաձայնմանը, ներառյալ` կոռուպցիոն: Սույն կայքը նաև անանուն ահազանգներ ներկայացնելու հնարավորություն է ընձեռում: Այդ ահազանգերի իսկությունը ստուգելու և դրանց լուծումներ տալու համար ձեռնարկվում են համապատասխան քայլեր:

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել