Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում (1000 դրամների) դրամական միջոցները հավաքվում են «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն։
Աշխատող քաղաքացիների աշխատավարձերից յուրաքանչյուր ամիս գանձվում է 1000 դրամ, տարեկան՝ 12․ 000 դրամ։ Ըստ օրենքի 10-րդ հոդվածի դրոշմանիշային վճարը զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով և օրենքով սահմանված կարգով և չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է, որի վճարման պարտականությունը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում։
Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն․
1. Դրոշմանիշային վճար պարտավոր են վճարել (դրոշմանիշային վճար վճարողներ են համարվում)՝
- -աշխատանքային պայմանագրով ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս աշխատող ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց.
- -աշխատանքային պայմանագրով ՀՀ տարածքում աշխատող ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց.
- -ՀՀ հաշվառված և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը.
- -նոտարները.
- -աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս եկամուտ ստացող՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց.
- -աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող՝ ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց:
2. Տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճար չեն վճարում`
- -սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ կամ 6-րդ կետերում նշված այն անձինք, որոնք չունեն տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ստացման ենթակա հաշվեգրված եկամուտ.
- -սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված այն անձինք, որոնք տվյալ հաշվետու տարվա ընթացքում ձեռնարկատիրական կամ նոտարական գործունեությունից կամ այլ հիմքով եկամուտներ չեն ստացել:
3. Դրոշմանիշային վճար չեն վճարում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետում նշված այն անձինք, որոնք աշխատում են միայն մեկ աշխատանքային պայմանագրով և այդ աշխատանքային պայմանագրով հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ՝ դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո ստացվող աշխատավարձը չի գերազանցում ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը: Սույն մասում նշված անձանց փոխարեն դրոշմանիշային վճարները վճարվում են`
- -ՀՀ պետական մարմիններում աշխատող անձանց փոխարեն` ՀՀ պետական բյուջեից.
- -տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող անձանց փոխարեն` համապատասխան համայնքի բյուջեից.
- -այլ գործատուների մոտ աշխատող անձանց փոխարեն` տվյալ անձանց աշխատավարձ վճարող գործատուի կողմից` նրա միջոցների հաշվին։