Քաղաքացիական դատավարությունում դատական նիստի արձանագրությունը վարում է դատական նիստի քարտուղարը: Պարզ թղթային արձանագրությունը նիստի ժամանակ վարվում է գրավոր կամ համակարգչի միջոցով: Այն գործի նյութերին կցվում է` հավաստված նախագահող դատավորի և քարտուղարի ստորագրությամբ:
Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիս դրա համառոտագրումը կատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Ձայնային արձանագրությունը գործի նյութերին կցվում է լազերային կրիչի վրա: Համառոտագրումը գործի նյութերին կցվում է թղթային կրիչի վրա` հավաստված դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ:
«Դատական նիստի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչի օրինակը` դրա համառոտագրման հետ, գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է դատական նիստից անմիջապես հետո:
Դատական նիստի պարզ թղթային եղանակով արձանագրման դեպքում գրավոր արձանագրության պատճենը գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը»-Իրավաբան.net-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:
Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն ծանոթանալու պարզ թղթային եղանակով կազմված դատական նիստի արձանագրությանը և մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը դիտողություններ ներկայացնելու այն կազմելու լրիվության կամ ճշտության վերաբերյալ:
Արձանագրության վերաբերյալ դիտողություններն ուսումնասիրում է արձանագրությունը ստորագրած նախագահող դատավորը դրանք ներկայացնելու պահից երեք օրվա ընթացքում:
Արձանագրության վերաբերյալ դիտողություններն ընդունելու կամ մերժելու մասին նախագահող դատավորը կայացնում է որոշում։
Փաստաբանը հայտնում է նաև. «Դատական նիստի համակարգչային ձայնագրման կրիչի բնօրինակից պատճենահանված կրիչ տալու համար գանձվում է պետական տուրք՝ պատրաստված յուրաքանչյուր կրիչի (կոմպակտ լազերային սկավառակի) համար` 1000 ՀՀ դրամի չափով»:
Աղբյուրը` Իրավաբան.net