Խոստացել է կազմակերպել Շենգեն ելքի արտոնագիր ստանալու գործընթացը

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Փառանձեմ Ա.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խարդախությամբ ներկայանալով որպես ՀՀ Ոստիկանության ԱՎՎ-ի աշխատակից, չարաշահելով Անի Է.-ի վստահությունը վերջինիս և նրա մոր` Իվետա Է.-ի համար Շենգեն ելքի արտոնագիր ստանալու գործընթացը կազմակերպելու պատրվակով 2009թ. հունիսին խարդախության եղանակով Անի Է.-ից հափշտակել է առանձնապես խոշոր չափի 4.464.000 ՀՀ դրամին համարժեք 12.000 ԱՄՆ դոլար:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Դատաքննության ժամանակ ամբաստանյալ Փառանձեմ Ա.-ն իրեն մեղավոր չճանաչեց, սակայն դատարանը ամաբաստանյալ Փառանձեմ Ա.-ի ցուցմունքները արժանահավատ չհամարեց` նկատի ունենալով, որ դրանք հակասում են գործին վերաբերող, փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությանը:

Դատարանը, գնահատելով դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, գտավ, որ Փառանձեմ Ա.-ի կատարած հանցանքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներին:
Դատարանը վճռեց Փառանձեմ Ա.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման 4/չորս/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ դատավճռով նշանակված ազատազրկում 4/չորս/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով պատժին մասնակիորեն գումարվեց նախկին դատավճռով սահմանված ազատազրկում 3/երեք/ տարի ժամկետով պատժի չկրած մասից 3/երեք/ ամիսը և Փառանձեմ Ա.-ի նկատմամբ վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկում 4/չորս/ տարի 9/ինը/ ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել