Արայիկ Բաբայանը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ընդդեմ «ՀՀ դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի` երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելը մերժելուն ուղղված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և պատասխանողին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելուն պարտավորեցնելու պահանջի մասին։
Դիմելով դատարան հայցվորը հայտնել է, որ 2008թ. նոյեմբեր ամսին դիմել է ՀՀ գլխավոր դատախազին` իրեն ՀՀ դատախազությունից երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու խնդրանքով։ Այդ դիմումին «ՀՀ դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավար, պարոն Ա. Եսայանը 09.12.2008թ. թիվ 28/257-08 գրությամբ պատասխանել է, որ համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի, զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակվում և վճարվում է ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո և քանի որ ինքը շարունակում է ծառայությունը ՀՀ պաշտպանության նախարարությունում, ապա առայժմ իրեն կենսաթոշակ նշանակել հնարավոր չէ։ Միաժամանակ նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից արձակվելուց հետո այդ նույն մարմինը կքննարկի իր երկարամյա ծառայության կենսաթոշակի նշանակելու հարցը։
Դատարանը գտել է, որ արտոնյալ պայմաններով Ա. Բաբայանի ծառայության ստաժի օրացուցային հաշվարկը պետք է կատարվի մինչև 30.06.2005թ.` ՀՀ կառավարության թիվ 701-Ն որոշման ուժի մեջ մտնելը։ 27.11.2007թ. դրությամբ` ծառայությունից ազատվելու պահին, Արայիկ Բաբայանի ծառայությունը կազմել է 20 տարի 8 ամիս 24 օր, որը բավարար զինվորական ծառայության ստաժ է օրենքով սահմանված կարգով երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար։
ՀՀ վարչական դատարանը վճռեց Արայիկ Բաբայանի հայցը բավարարել։
«ՀՀ դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի` Արայիկ Բաբայանին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելը մերժելուն ուղղված գործողությունը ճանաչել ոչ իրավաչափ։ Պարտավորեցնել «ՀՀ դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին Արայիկ Բաբայանին նշանակել երկարամյա ծառայության կենսաթոշակ։
Դատախազությունը սույն վճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:
Աղբյուրը` Իրավաբան.net