ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտման մասին, որն ազդել է գործի ելքի վրա, վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
Անրադառնալով վերաքննիչ բողոքի հիմքեր և հիմնավորումներ հասկացությունների վերլուծությանը` վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերոնշյալից հետևում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերն են`
1. վերաքննիչ բողոքում նշված դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը, ըստ բողոք բերող անձի, ազդել է գործի ելքի վրա,
2. նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:
Վերաքննիչ բողոքի հիմնավորումները վերաքննիչ բողոքի հիմքերի առկայության, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ փաստարկներն են, որոնց հիման վրա բողոք բերող անձը հիմնավորում է վերաքննիչ բողոքում ներկայացրած իր պահանջը:
Վերոգրյալից հետևում է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքերի և հիմնավորումների սահմաններում և չի կարող քննության առարկա դարձնել և որոշում կայացնել ստորադաս դատական ատյանի վճռի այն մասի վերաբերյալ, որը չի բողոքարկվել:
Վերաքննիչ բողոք բերելն այդպիսի իրավունք ունեցող անձանց տնօրինչական գործողությունն է, որի հիման վրա վերջիններս իրացնում են օրենքով իրենց վերապահված` դատական ակտը բողոքարկելու իրավունքը:
Աղբյուրը` Իրավաբան.net