Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանել է մի շարք հարցերի՝ կառավարության կողմից ընդունված կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն ուղղված 8-րդ միջացառման մասին, որն ուղղված է օժանդակելու կորոնավիրուսի հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին:
Այս աջակցությունը նախատեսված է վարձու աշխատողների համար, ոչ թե գործատուների:
Այսպիսով, կորոնավիրուսի տարածման պատճառով ամենից շատ տուժած ոլորտներն են.
- Հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
- Հանրային սննդի ծառայություններ,
- Զբոսաշրջային ծառայություններ,
- Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
- Մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն:
Կան բացառություններ՝վերոնշյալ ցանկում նկարագրված գործունեություն ծավալողների` տուժած ոլորտ համարվելու համար. տուժած չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակներում վաճառվում է նաև սննդամթերք, ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ կամ դեղորայք՝ անկախ դրանց քանակից:
Եթե տնտեսվարողը կամ անհատ ձեռնարկատերը գործունեություն է ծավալում վերոնշյալ ցուցակում առանձնացված մի քանի ոլորտներում, ապա նման դեպքերում այդ գործատուների աշխատակիցների աջակցության չափն ու կարգը կորոշվի ՀՀ կառավարության առանձին որոշմամբ:
Աջակցություն կարող են ստանալ այն քաղաքացիները, ովքեր 2020 թ.-ի մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում եղել են տուժած ոլորտի վարձու աշխատող:
Եթե 2020 թ.-ի հունվար և փետրվար ամիսների ընթացքում աշխատողի միջին ամսական աշխատավարձը գերազանցել է նվազագույն աշխատավարձի չափը՝ 68.000 դրամը, ապա աջակցությունը կկազմի այդ ամիսներին նրա ստացած միջին ամսական աշխատավարձի 50 %-ի չափ: Այդ գումարը չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձից՝ 68.000 դրամից պակաս և չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից ավելի:
Եթե 2020 թ.-ի հունվար և փետրվար ամիսների ընթացքում աշխատողի միջին ամսական աշխատավարձը ավելի քիչ է, քան նվազագույն աշխատավարձի չափը՝ 68.000 դրամը, ապա աջակցությունը կկազմի այդ ամիսներին նրա ստացած միջին ամսական աշխատավարձի չափ:
Տուժած ոլորտներում աշխատող անհատ ձեռնարկատերերի համար աջակցությունը կկազմի ԱՁ-ի՝ 2019 թ.-ի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10%-ի չափ, բայց այդ գումարը չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից ավելի:
Աջակցության տրամադրումը նախատեսված է միանվագ, այիսնքն՝ մեկ անգամ:
Եթե անձը համատեղության կարգով աշխատում է տուժած ոլորտներում գործունեություն ծավալող մի քանի գործատուի մոտ, այս դեպքերում հիմք է ընդունվելու Ձեր բոլոր գործատուների կողմից 2020 թ.-ի հունվար և փետրվար ամիսներին ներկայացված եկամուտների հանրագումարը, իսկ աջակցության չափը հաշվարկվելու է վերոնշյալ սահմանված կարգով:
Եթե անձը մի դեպքում տուժած ոլորտի վարձու աշխատող է, մյուս դեպքում՝ տուժած ոլորտում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատեր, ապա այս դեպքում նրա համար առանձին կհաշվարկվի աջակցության չափ՝ որպես վարձու աշխատող և առանձին՝ որպես անհատ ձեռնարկատեր: Դուք կստանաք երկու հաշվարկների համեմատության արդյունքում առավել մեծ չափը կազմող աջակցությունը:
Աջակցություն ստանալու համար դիմել կարող եք www.online.ssa.am կայքի միջոցով դիմում ներկայացնելով:
Այս միջոցառման շրջանակում աջակցություն ստացողների անձնական տվյալները հրապարակվելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում:
Այս միջոցառման շրջանակում աջակցության տրամադրման կարգը կհաստատվի 2020 թ.-ի ապրիլի 9-ին, ինչից հետո կհայտարարվի դիմելու ընթացակարգը: