ՀՀ-ում կորոնավիրուսի պատճառով մահացածներին կհուղարկավորեն փակ դագաղներով

Մարտի 26-ին ՀՀ-ում մահացավ  կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտը, նա 72 տարեկան էր։ Մարտի 29-ին ևս երկու մահ գրանցվեց՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։

Իրավաբան․net-ը առողջապահության նախարարությունից փորձեց ճշտել, թե ինչ կարգով է կատարվել 72-ամյա պացիենտի հուղարկավորությունը և ինչ կարգով պետք է կատարվի մյուս 2 մահացած անձանց հուղարկավորությունը։

Թեմայի մասին BBC-ն՝ պատմելով Իտալիայում տեղի ունեցող զարգացումների մասին, գրում է. «Covid-19-ի բազմաթիվ զոհեր մահանում են մեկուսացված հիվանդանոցային սենյակներում, որտեղ իրենց հարազատները կամ ընկերները մուտք չունեն: Այցելություններն այնտեղ արգելված են վարակի մեծ հավանականության պատճառով:

Բժիշկները նշում են, որ վիրուսը չի փոխանցվում հիվանդի մահից հետո, բայց նա կարող է մի քանի ժամ մնալ նրա հագուստի վրա: Հետևաբար, մարմինները հերմետիկ փաթեթավորվում են։ Իտալիայում բոլորը մահացածները թաղվում են դիմակներով և հիվանդանոցային հագուստով:

Ներկայիս աննախադեպ իրավիճակում հարազատների, ընկերների և քահանաների գործառույթներն անսպասելիորեն ընկան հանձնարարականների ներքո, քանի որ մարդու սիրելիները գտնվում են կարանտինում իր մահվան պահին»:

Հայաստանում իրավիճակն այլ է։ Առողջապահության նախարարության ներկայացուցիչը մեզ հայտնեց, որ մահացածների մարմինները արդեն հանձնվել են իրենց հարազատներին։

«Հուղարկավորությունը պետք է իրականացվի համաճարակաբանական ցուցումներին համապատասխան, ինչը իր մեջ ներառում է նաև փակ դագաղ հասկացությունը։ Այլ տեղեկություն չենք կարող հայտնել, դա անձնական ինֆորմացիա է»,-նշում են նախարարությունից։

Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր՝ մարտի 30-ին,  քննարկվում էր «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Օրենքի լրացման դեպքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չեն իրականացվի:

Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ եւ չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին: Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հիվանդության վարակելիության աստիճանը դեռեւս ամբողջությամբ բացահայտված չէ, ինչը կարող է հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետեւանքներ, ինչպես նաեւ բացահայտված չէ դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ապրելիության ժամանակահատվածը, անհրաժեշտ է,  ըստ բժշկական փաստաթղթերի,  կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով անձի մահվան դեպքում չիրականացնել հերձում, ինչն էլ վկայում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու անհրաժեշտության մասին:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին կառավարությունը Հայաստանի Հնարապետությունում հայտարարեց արտակարգ դրություն՝ կորոնավիուսի պանդեմիայով պայամանվորված։

Որոշման համաձայն՝ անձինք կարող են իրականացնել անձանց թաղման, ծննդյան, հարսանյաց միջոցառումները՝ մինչև 20 մարդու մասնակցությամբ։

Լուսանկարը՝ BBC-ի

Իտալիայում կորոնավիրուսից ավելի շատ մարդիկ են մահացել, քան աշխարհի ցանկացած այլ երկրում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել